ԻՀՊԿ հետախուզության պետի տեղակալ գեներալ Նաջաթը հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել այսօր Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների վերաբերյալ։
Ըստ նրա՝ 3 ահաբեկիչներ (միջին տարիքը 20-25) այսօր առավոտյան 10:15-ի սահմաններում ԻԻՀ խորհրդարան են մտել քաղաքացիների ընդունելության մուտքից, որի միջոցով ԻԻՀ շարքային քաղաքացիները մտնում են քաղաքացիական ընդունելության սրահ և իրենց տարբեր խնդիրներով դիմում են խորհրդարանի պատգամավորներին։
Մուտքի մոտ կանգնած անվտանգության ծառայողներից մեկը, տեսնելով ինչ-որ կապոցներ նշված երեք անձանց մոտ, կասկածել է և ցանկացել խուզարկել նրանց, որի պատճառով բախում է տեղի ունեցել և անվտանգության աշխատակիցը զոհվել է։ Մտնելով ընդունելության սրահ՝ ահաբեկիչները այստեղ սպանել են ԻԻՀ քաղաքացիական անձանց, իսկ ավելի ուշ, երբ դեպքի վայր է հասել ԻՀՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումը, նրանք թաքնվել են նշված շենքի հարկերից մեկում, սակայն արագ ոչնչացվել ԻՀՊԿ զինծառայողների կողմից։
Գրեթե նույն ժամանակ ևս երկու ահաբեկիչ Թեհրանի հարավում մտել են իմամ Խոմեյնիի դամբարան, մասնավորապես՝ հանդերձասրահ (տեղ, որը նախատեսված է կոշիկները հանելու համար մինչև սրահ մտնելը), որտեղ հսկողություն են իրականացնում կամավոր քաղաքացիական ուժերը։ Այստեղ ահաբեկիչներից մեկին կարողացել են վնասազերծել, սակայն մյուսը, պայթեցնելով ինքն իրեն, պատճառ է դարձել մի շարք քաղաքացիների վիրավորման։
Նաջաթն իր մեկնաբանության վերջում տեղի ունեցածի համար մեղադրել է ԱՄՆ-ին և Սաուդյան Արաբիային՝ նշելով, որ «ԻՊ» կոչվածը ստեղծել են հենց այդ երկու պետությունները, իսկ այսօրվա ահաբեկչությունները իրենց վարձկաններին պատվիրած են եղել մեկ շաբաթ առաջ։