Երբ նա պաշտոն ստացավ, նրա բոլոր ծանոթները, ընկերներն ու բարեկամներն ուրախացան։ Նրանք բոլորը մտածեցին, որ վերջապես բախտը ժպտաց, իրենք էլ թիկունք կունենան։ Իսկ ամենից շատ ուրախացավ նա. վերջապես բոլորը կիմանան, թե ով է ինքը։ Աշխարհում ամենաշատը ինքն էր իրեն տեսնում, և առաջինը հենց նա հասկացավ, թե ով է ինքը։ Եվ իր մեծության գիտակցությունից ու իր անգերազանցելիության բարձունքից նա կամաց-կամաց սկսեց ամաչել իր մեծությանն անհամապատասխան ընկեր-բարեկամների համար։

«Գրողը տանի, մի՞թե սրանց հետ էի նստում-վեր կենում»,- մտածեց նա։ Հետո սկսեց ամաչել իր հարազատների՝ ծնողների ու քույր-եղբայրների համար և ամեն կերպ ձգտում էր խուսափել նրանց հանդիպելուց։ Եվ հարազատներին փոխարինեցին իր ստորադրյալները, իսկ ընտանիքը փոխարինվեց աշխատավայրով։

Սկզբում նա ամեն օր տեսնում էր իր աշխատակիցներին, բայց երբ սկսեց ամաչել նաև իր ստորադրյալների համար, նրա «բարի լույսի» և «բարի գիշերի» միակ արձագանքողը դարձավ քարտուղարուհին, որ ժամանակին թեյ ու սուրճ, շոկոլադ ու թխվածք էր մատակարարում իրեն, պատասխանում հեռախոսազանգերին։

Նա սկսեց ավելի ու ավելի հազվադեպ տուն գնալ։ Աշխատավայրում սենյակներից մեկը դարձրեց ննջարան և շենքից դուրս էր գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ տոն օրերին, որպեսզի մարդիկ տեսնեն իրեն։ Իսկ օրվա, շաբաթվա, ամիսների ու տարիների մյուս բոլոր ժամերին քարտուղարուհին աստիճանաբար սակավացող հեռախոսազանգերին պատասխանում էր. «Նա խիստ զբաղված է...»։

Նա ոչ մեկին այլևս չէր սիրում, չէր սիրում ընկերներին ու բարեկամներին, անգամ հարազատ երեխաներին ու կնոջը։ Աշխարհում նա սիրում էր միայն մեկին՝ իրեն, նա հարգում էր միայն մի մեծություն. այդ մեծությունն ինքն էր։

Կամաց-կամաց նա մոռացավ բոլորին, ու բոլորն էլ աստիճանաբար մոռացան նրան։
Առավոտից երեկո նա անշարժ նստում էր իր աշխատասենյակում՝ գրասեղանի հետևում, թեյ ու սուրճ խմում, հեռուստացույց դիտում և պարտականություններն անբավարար կատարելու համար կոպտում քարտուղարուհուն։

Անցան տարիներ։ Մի օր ինչ-որ մեկը հանկարծ հիշեց նրան և այդ մասին պատմեց իր ընկերոջը։ Վերջինս էլ մի ուրիշին պատմեց, սրանք էլ՝ այլոց, ու մարդիկ հիշեցին նրան։

Ամբոխը պաշարեց այն շենքը, որի ամենավերին՝ իններորդ հարկում գտնվում էր նրա աշխատասենյակը։ Երբ մարդիկ խուժեցին նրա աշխատասենյակը, զարմանքից սառեցին. գրասեղանի հետևում նստած էր քարե մի արձան։ Փոքրիկ մի աղջիկ մոտեցավ և ծաղիկներ դրեց արձանի դիմաց։ Հետո երկու հաղթանդամ տղամարդ արձանն աթոռով բարձրացրին և դրեցին սեղանի վրա, որ այդ պահին քարացավ և դարձավ պատվանդան։

Հաջորդ օրը հուշարձանը տեղադրվեց քաղաքի տեսարժան վայրերից մեկում։ Իսկ պատվանդանի վրա ընդամենը մի բառ էր գրված՝ «Պաշտոնյան»։


*   *   *
Անցավ մի տարի։ Մարդիկ մոռացան նաև արձանին։ Անցնում էին մոտով՝ առանց նվազագույն ուշադրության արժանացնելու։ Ասես այն արձան էլ չէր, այլ չորացած ու անպետք մի կոճղ կամ քարե տձև մի անհեթեթություն։

Սակայն մի օր այնպիսի բաներ սկսեցին կատարվել, որ մարդիկ երազում անգամ չէին կարող պատկերացնել։

...Արձանը սկսեց խոսել։ Սկզբում կողքով անցնող թափառական շների ու փոքրիկների վրա էր մատ ճոճում և լեզու ցույց տալիս, հետո սկսեց նկատողություն անել ու բղավել մեծահասակների վրա։ Այնուհետև նա հանկարծ իջավ իր աթոռից, այն գլխիվայր շուռ տվեց ու դարձրեց ամբիոն և սկսեց ճառել։ Խոսում էր իր մասին, հետո անցավ քաղաքականությանը, սակայն դարձյալ խոսում էր իր մասին։

Մարդիկ սկզբում բան չհասկացան, բայց հետո կամաց-կամաց սկսեցին ըմբռնել, որ մարդ-արձանը հերոս է, իսկ իրենք տարիներ շարունակ գլխի չեն ընկել այդ հասարակ ճշմարտությունը։

Մի քանի հոգի մոտեցան ու ծաղիկներ դրեցին Արձանի պատվանդանին։ Վերջինս արհամարհանքով նայեց ծաղիկներին ու ասաց, որ աշխարհում բոլորը՝ մարդիկ, ծաղիկները, ինչպես նաև աստղերն ու լուսինը, իրեն են պարտական իրենց գոյությամբ։

Եվ մարդիկ բաժանվեցին մի քանի խմբերի. մարդիկ, ովքեր կարծում էին, թե բան են հասկանում Արձանի ասածներից, մարդիկ, ովքեր ոչինչ չէին հասկանում այդ ամենից, և մարդիկ, ովքեր ընդհանրապես թքած ունեին Արձանի և ամեն ինչի վրա։

Ժողովուրդն աստիճանաբար մոռացավ իր հոգսերը, մոռացավ, որ թշվառ ու աղքատ է, դաժանաբար խաբված ու անարգված, և քաղաքականությունը կամաց-կամաց խուժեց մարդկանց խոսքուզրույցի մեջ, բաց ու փակ դռներից, պատուհաններից և անգամ երդիկներից ու ծխնելույզներից քաղաքականությունը մտավ մարդկանց տները...

Երկիրը հեղեղվեց կուսակցություններով ու միություններով, խմբակներով ու խմբավորումներով։ Կուսակցություններ ու ընկերություններ սկսեցին ստեղծվել նաև մարդկանց բնակարաններում։ Քաղաքական տարբեր բևեռներում հայտնվեցին կին ու ամուսին, մայր ու որդի, քույր ու եղբայր, պապ ու թոռ, մանուկներն անգամ մանկապարտեզներում սկսեցին «քաղաքականություն» խաղալ և բողոքի ցույցեր ու հանրահավաքներ էին կազմակերպում դաստիարակների տիրապետության դեմ, ահաբեկչական գործողություններ ու հեղաշրջման փորձեր անում...

Երկիրն, ի վերջո, բաժանվեց երկու մասի՝ քաղաքացիներ, որ սատարում են Արձանին, և մարդիկ, ովքեր Արձանի մասին այնքան են մտածում, որքան, ասենք, մայթերի եզրերին շարված «բորդյուրների» մասին։

...Ու մի օր, երբ քաղաքականության բացիլներով վարակված երկրի վրա սկսեցին գորշ ամպեր կուտակվել, ոչ ոք այդպես էլ չնկատեց, որ այդ ամենի պատճառը՝ Արձանը, գիշերն իջել է իր պատվանդանից ու փախել երկրից...
1999-2000 թթ.

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել