մաքրվում ես առօրյա կեղտից, աշխարհի հավերժ չլռող աղմուկից ու ինքդ քեզնից։
Աշխարհի քաոսից անդին Նա է. իր երաժշտությամբ ու Աստծո պատկերով, քանզի Աստված ստեղծեց մարդուն իր նմանությամբ ու պատկերով՝ Ստեղծող։ Վազում ես նոտաներով իր հետ ու հայտնվում մի նոր աշխարհում, որտեղ միայն ներդաշնակն է։
Սիրում եմ նրան, ու նրանով ինձ էլ սկսում եմ տարբեր տեսնել...
Սկսում ես սիրել հային՝ իրենով ու իր պես... թեև նրա երաժշտությունն անցել է երևակայության սահմաններն անգամ, էլ ուր մնաց ազգայինինը։ Բայց հնչում է իսկական հայկական հնչեղությամբ, իր Հնչյունը թռչող գորգի պես քեզ առնում, տանում է, մաքրում է, սիրում է քեզ, ուղղակի սիրում։
Կոմիտասով ժպտում է քեզ, խաղում հետդ մանուկի պես, հետո փաղաքշում բնության բոլոր ջերմություններով, նրբությամբ, խնամքով։
Մի հնչյունի մեջ քեզ բարուրում է ու թողնում, որ մեծանաս, ընկալես աշխարհն իր անսպառ, Աստվածային գեղեցկությամբ... ընկալես մարդուն ու մի քիչ էլ քեզ։ Ուզում է սիրես քեզ ու քո միջի հային, որի հոգու հնչյունն իրականում ազնիվ է։
Այլմոլորակային է էությամբ. խաղաղասեր։
Իր երաժշտությունը սիրո սավան է, որին տրվում ես անխոս, աներկբա։
Անկասկած։
ինչ լավ է, որ նա կա, ես նրա գոյությամբ արդարացնում եմ մի քիչ իմ գոյությունն էլ,
Նրա նոտաների մատնահետքերն ամենուր են հիմա, սրահում, մարդկանց աչքերում, իմ սրտում՝ ամենուր։
Մեր մատնահետքերը նույնն են այսուհետ՝ նոտայե։ Նույնականացումը տեղի ունեցավ։ Նա բարձրացրեց բոլորին իր երևակայության Տիեզերքը, մշակեց մեզ անցավ, փաղաքշեց, ոմանց զրոյից կերտեց ու նույնականացրեց միմյանց հետ։
Իր հե՛տ նույնականացրեց, իրեն ու մեզ՝ ԻՄԻ բերեց։
Նա մտնում է աչքիդ բիբի մեջ ու մաքրում իր հնչյուններով բյուրեղիկդ, որ աշխարհին լույսով նայես։
Լույսե նոտաներ է հյուսում ու թողնում լուսե հետք։
Մե՜ծ ու սպիտակ քողով սիրահարված նորահարսի աչքերի փայլն է, ու դողացող ծաղկեփնջի բույրն է իր Հնչյունը
...Իր ձեռքերում ունի պահած աղոթք, նոր քաղած ցորենի հասկեր ու մի ամբողջ ազգի գենետիկ կոդ
Տիգրան Համասյան Tigran Hamasyan
Հնչյունի տիրակալը
մենք սահման չունենք. ո՛չ վախի, ո՛չ էլ խիզախության
ո՛չ սողանքի, ո՛չ էլ թռիչքի համար,
ո՛չ տխեղծի ու ո՛չ էլ հանճարի համար
մենք անսահման ենք, ինչպես որ անսահման է նրա երաժշտությունն ու հենց ինքը՝ հնչյունի արքան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/NazeniHov/videos/vb.1107044074/10211847221591763/?type=2&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել