Barometer.am-ը գրում է.
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հրազդան քաղաքում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ: Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու վթարի պատճառները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:
2017թ. մարտի 12-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտայի և նրան զուգահեռ ընթացող երկաթգծին հատող երկրորդական ճանապարհի հարևանությամբ միմյանց են բախվել "ՎԱԶ 2170" մակնիշի և "PAZ 3205" մակնիշի ավտոմեքենաները: Ավտովթարի արդյունքում "ՎԱԶ 2170" մակնիշի վարորդը տեղում մահացել է, իսկ վերջինիս ուղևորը և "PAZ 3205" մակնիշի ավտոմեքենայի վարորդն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, "ՎԱԶ 2170" մակնիշի ավտոմեքենայի վարորդը ճանաչվել է տուժող:
Նախնական քննության տվյալներով՝ "PAZ 3205" մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի եղել ալկոհոլի ազդեցության տակ: Կատարվել են ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի, տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:
"PAZ 3205" մակնիշի ավտոմեքենայի վարորդը հարցաքննվել է որպես կասկածյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: