Բավականին ուշագրավ լրագրողական հետաքննություն էի կարդում, որը նվիրված էր, այսպես կոչված, «ծխելու այլընտրանքային միջոցներին», իսկ ավելի կոնկրետ՝ այդ նորարարություններով ավելի խորը արմատներ գցելու՝ Phillip Morris ընկերության ռազմավարությանը։ Բանն այն է, որ արդեն մի քանի տարի է, ինչ ծխախոտային գիգանտը փորձում է ավելի մեծ տեղ զբաղեցնել ծխախոտի համաշխարհային շուկայում ու իր էքսպանսիայի գլխավոր պլատֆորմներից մեկը Ռուսաստանում է ցանկանում ստեղծել։
Որպեսզի հասկանալի լինի ողջ պրոցեսը, սկսենք նախապատմությունից․ դեռ 2013 թվականին ընկերությունը հայտարարեց, որ նոր ռազմավարություն են մշակում, որի նպատակն է աստիճանաբար սովորական ծխախոտի գլանակների արտադրությունը փոխարինել այլընտրանքային ծխելու միջոցներով, որոնցից առավել պոտենցիալ ունեցող տարբերակը Iqos սարքերն են, որոնցում օգտագործված խիտ թութունը ոչ թե այրվում է, այլ տաքացվում։ Որոշ հետազոտություններ կատարվեցին, որոնց հիման վրա եզրակացություն արվեց, որ դրանք ավելի քիչ վնաս են պատճառում, քան սովորական ծխախոտի գլանակները, ու արդեն մի շարք երկրներում այս սարքը ազատ վաճառքում է։
Բանը հասավ նրան, որ ընկերության ղեկավար Անդրե Կալանցոպուլուսը դիմեց Պուտինին, որպեսզի վերջինս նպաստի Ռուսաստանում խոշոր ներդրումային ծրագիր իրականացնելու իր պլաններին։ Առաջարկի էությունը հետևյալն էր․ ընկերությունը Ռուսաստանում ստեղծում է խոշոր գիտահետազոտական կենտրոն, որը կզբաղվի ավելի քիչ վնաս պատճառող ծխելու միջոցների հետազոտություններով և արտադրությամբ, իսկ փոխարենը պետությունը որոշակի հարկային ու ֆինանսական պրեֆերենցիաներ կտրամադրի ընկերությանը։
Թվում էր, թե պատժամիջոցների պատճառով ներդրումային քաղցի մեջ հայտնված Ռուսաստանն ուրախությամբ պետք է համաձայնվեր, բայց արի ու տես, որ այս առաջարկը մերժվել է։ Բանն այն է, որ ՌԴ ֆիննախն ու առողջապահության նախարարությունը կասկած են հայտնել որպես հիմք բերվող հետազոտությունների նկատմամբ, որոնք փաստում էին, որ այս միջոցներն իբր ավելի քիչ վնասակար են։ Բանն այն է, որ բոլոր հետազոտություններն արվել են ոչ թե անկախ փորձագիտական ընկերությունների, այլ հենց ծխախոտային գիգանտի ֆինանսավորմամբ աշխատող ընկերությունների կողմից։ Բացի դրանից՝ Լեհաստանում արված հետազոտությունը, որը ցույց էր տվել, որ Iqos ծխողների արյան և մեզի մեջ կոնցերոգեններն ավելի քիչ են, քան սովորական սիգարետներ ծխողների մոտ, կատարվել է զուտ 5 օրվա դիտարկման հիման վրա, իսկ ավելի երկարաժամկետ դիտարկումներով հետազոտությունների մասին ընդհանրապես ոչինչ չի հաղորդվել։
Անկախ մասնագետների պնդմամբ՝ իրականում ընկերությունը փորձում է ավելի մեծացնել իր տեսակարար կշիռը ծխախոտի շուկայում, իսկ ավելի քիչ վնասակարության մասին խոսակցությունները զուտ մարկետինգային լուծում են, և իրականում թութունը վնասակար է ինչպես այրվելիս, այնպես էլ տաքացված վիճակում ու նույնիսկ պարզապես ծամելիս։ Գուցե ծխելու այլընտրանքային միջոցներն ավելի քիչ վնասակար են, քան ծխախոտի գլանակները, բայց դրանք շարունակում են վնասակար մնալ, և ռուսաստանյան գերատեսչություններում գիտակցում են, որ այս կերպ ընկերությունը փորձում է խուսանավել «ծխելու օրենքից», որի արդյունքում էապես նվազել է ծխախոտի վաճառքը, քանի որ Ռուսաստանում արգելված է ծխել հանրային վայրերում։ Ելնելով այս ամենից՝ Ռուսաստանը մերժել է Phillip Morris-ին արտոնյալ պայմաններում ներդրումային ծրագիր իրականացնելու հարցում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել