«Ռուսաստանից և Գերմանիայից հրավիրված մասնագետները հայտնել են, որ զմռսումը խիստ դժվար կլինի, քանի որ այդ գործընթացը հարկավոր էր ավելի շուտ սկսել»,- հեռուստաեթերում հայտարարել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն:
Դրա հետ մեկտեղ Մադուրոն առայժմ չի ասել, որ Չավեսի մարմնի զմռսումից հրաժարվելու վերջնական որոշում է ընդունված: Մինչդեռ Վենեսուելայի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները, որոնք չեն ցանկացել նշել իրենց անունը, «Reuters»-ին հայտնել են, որ Չավեսի մարմինը պահպանելու փորձը չի հաջողվել, և նախագահի աճյունը դամբարանում զետեղելու պլաններից հրաժարվելու մասին իշխանությունները պաշտոնապես կհայտարարեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում:
Մարտի 6-ից Չավեսի աճյունն ամփոփող դագաղը տեղադրված է Կարակասի Ռազմական ակադեմիայում: Այդ օրվանից հանգուցյալ նախագահին հրաժեշտ են տվել հարյուր հազարավոր մարդիկ: Սգո պաշտոնական արարողությանը, որը տեղի է ունեցել մարտի 8-ին, մասնակցել են մի քանի տասնյակ օտարերկրյա պատվիրակություններ:
Նյութի աղբյուրը