Ցեխի միջով քայլեմ,թե ՝ ձյան, ես միշտ թողնում եմ իմ ոտնաթաթի հետքը: Ընդհանրապես իմ հետքը թողնելու սովորություն ունեմ, կասեի ավելին ՝ բնավորությունս է:Ես Գայլ եմ: Գայլ արտաքինով ու Գայլ ՝ հոգով: Իսկական Գայլ եմ: Ես աշխարհի ամենալավ կենդանին եմ, մարդուց էլ եմ լավը: Նույնիսկ մարդիկ են փորձում ինձ նմանվել:Իմ սեփական որսը, իմ ուտելիքն ինձ է նմանվում, ուզում է Գայլ լինել: Լավագույն կենդանին եմ,որովհետև միշտ ցույց եմ տալիս այն,ինչ կամ: Սիրում եմ արյուն, նվիրված եմ իմ ոհմակին ու թաթս տրորողին կհոշոտեմ: Դաժան կենդանի եմ ու,անկեղծ ասած, ինձ դուր եմ գալիս:
Իսկ դուք գիտե՞ք ինչու եմ ես գառ ու ոչխար ուտում: Պատասխանը պարզից էլ պարզ է. ուտում եմ հենց նրա համար,որովհետև գառ ու ոչխար են:Վատ համբավ ունեմ. արյունախում եմ,չար եմ:Վախենում եք ինձնից....Ծիծաղելի է,ձեր ոչխարներից պիտի վախենաք: Դուք գաղափար չունեք,թե ձեր պաշտպանած այդ ոչխարներն ինչ ստոր կենդանիներ են: Տեսնում են,որ կանգնած իրենց եմ նայում, կգան, դմակները կշարժեն, կգնան: Էլի ե՞ս եմ մեղավոր,հա՞ : Ինչպե՞ս չուտեմ դիմացս խաղեր տվող ոչխարին: Տո լավ եմ անում ուտում եմ, ապուշ կենդանիներ են, սովածի դիմացից ուտելիք գողանալը մեղք է: Աստված ինձ ատամներ է տվել սպանելու ու արյուն խմելու համար: Ես սպանելու ու արյուն եմ խմելու:Չեմ ափսոսում:Մի անգամ չփորձեցիք ինձ հասկանալ:Դուք սովորական կենդանիներ եք: Իսկ ես Գայլ եմ: Մի խառնեք ինձ ձեզ հետ... Դուք գաղափար չունեք ինչ դժվար է Գայլ լինել:Գնահատում եք մեր նվիրվածությունը, բայց գաղափար չունեք ինչ է դա: Ոչ,չգիտեք: Չփորձեք նույնիսկ հասկանալ: Դա միայն մենք գիտենք՝ Գայլերս:Մենք հավերժ ենք սիրում, երբեմն՝ անարժաններին:Համբերատար ենք, բայց մեր թաթը տրորողին՝ կսպանենք կհոշոտենք: Աչքներս էլ չենք թարթի: Պետք եղած ժամանակ անսիրտ ենք,գիտեմ:Մեզ համար չկան ստույգ օրենքներ: Ամեն մեկն իր սեփական օրենքներն ունի:Ամենակարևորը՝ մենք բարոյական կենդանիներ ենք:Մի կանգնեք մեր ճանապարհին, մի փորձարկեք մեր համբերությունը: Ասում եմ ՝ անսիրտ ենք:Երբեմն չենք ներում: Անարժաններին չի կարելի ներել: Դավաճաններին ՝ տեղում քրքրել:Ես Գայլ եմ: Ունեմ միայն մեկ Աստված իմ գլխավերևում՝ ազատությունը: Ես ձեզ պես ամեն մի կրոնի չեմ հարմարվում, Աստված չեմ նկարում ու չեմ խոնարհվում,ես չեմ քծնում իմ Աստծուն մի կտոր մսի համար : Իմ Աստծուն ես իմ մեջ եմ պահում. ազատությունս ներսումս է: Չհամարձակվեք նույնիսկ մոտենալ ազատությանս...Ես արյուն եմ սիրում...Ես սպանել եմ սիրում: Կսպանեմ ձեզ...Սիրով կսպանեմ: Ամենայն հաճույքով:Աչքերս փայլեցին հոշոտելու մտքից: Միայն պետք եղած ժամանակ եմ հոշոտում,այն էլ ՝ հաճույքով: Նայեք աչքերիս փայլին,ամեն ինչ կհասկանաք: Միայն այդ մտքից հաճույք ստացա ու...Ժպտում եմ:Մեր ժպիտն ամենաանկեղծն է: Աչքերիս մեջ չար փայլ կա հիմա, ժպիտս էլ չար է: Ում որ պետք է՝ բարությունս կտեսնի: Իսկ ձեզ համար ես սառը աչքերով չար գայլ եմ,վախենում եք իմ աչքերի փայլից: Նորից ժպտացի հաճույքից:Սիրում եմ,երբ ինձ չեն հասկանում, չեն կարողանում բացահայտել ու անզորությունից ՛՛չար կենդանի՛՛ անվանելով սարսափում են:Ես հաղթանակ եմ սիրում:Ձյան ու ցեխի վրա հետքս թողնել եմ սիրում:Ոհմակիս չեմ դավաճանի:Ոհմակից ներս ու ոհմակից դուրս ես եմ իմ տերը:Ես եմ ու իմ ազատությունը:Գիտե՞ք ինչու եմ լուսնին սիրում:Լռել գիտի: Ընդամենը դրանում է լուսնի գաղնիքը: Երբեք ոչ մի հարց չի տալիս:Դուք համարում եք,որ մենք ու շները թշնամի ենք իրար: Մենք թշնամացանք,որովհետև մարդը շանը սովորեցրեց հաչել ինձ վրա: Ախ այդ մարդը...Անկեղծ ասած ՝ ատում եմ ձեզ: Ես գոնե ոչխարներին եմ սպանում, Աստված ատամներ է տվել,ես էլ ուտում եմ իմ բաժին կերը:Դուք իրար եք ուտում:Գայլը Գայլին երբեք չի վնասի:Մարդը մարդուն թշնամի է: Նույնիսկ այդ անխիղճ ոչխարներն են ձեզնից լավը:Մարդը մարդուն թշնամի...Դիմացս տասը թարմ մարդ դնեին՝ չէի ուտի:Ես բարոյական կենդանի եմ,ավելի լավ է սոված քնեմ: Դուք էլ եք իմ ուտելիքը,բայց նույնիսկ իմ ուտելուն եք անարժան դարձել:Անկեղծ եմ ասում: Եթե Գայլ,ուրեմն ՝ անկեղծություն:Ես Գայլ եմ ու ինձ երբեք ոչխարի պես չեմ պահել:Կհեռանամ ոհմակիցս,եթե զգամ,որ ինձ չեն հավատում ու չեն վստահում: Ինչքան էլ հավատարիմ եմ ոհմակիս՝ կգնամ: Հավատարմորեն կգնամ:Ես սիրում եմ հաղթել ու դա չեմ թաքցնում,իմաստ չկա:Արյուն եմ սիրում ու պետք եղած դեպքում ինչքան որ պետք է արյուն կխմեմ : Բոլոր կենդանիներն էլ արյուն սիրում են,բայց չեն բարձրաձայնում:Ես սիրում եմ արյուն,սիրում եմ թաթս տրորողին անխղճորեն հոշոտել,դավաճանին կեր դարձնել:Բայց մի բան մնում է անփոփոխ. ես կատարյալ եմ: Կատարյալ եմ իմ բոլոր թերություններով հանդերձ:Ինչո՞ւ:Ես Գայլ եմ:Գայլ:Փորձեք հասկանալ դա...Եթե ստացվի:Ազատությունը սրտումս է, լուսինը կախված է գլխավերևումս,արդեն բարևել եմ նրան:Թաթս հպվում է ձյանն ու ձյունը հնազանդորեն ճզմվում է թաթերիս տակ: Թաթերս հաստատուն սեղմում են նրան,նա չի էլ փորձում դեմ գնալ: Գիտի՝ ուժեղ եմ: Գիտի՝ կհաղթեմ: Ես իմ թաթը գետնին ամուր եմ դնում: Դնում եմ հետքս թողնելու կայուն որոշմամբ:Ոտնաթաթիս հետքը թողնելով ձյան վրա՝ առաջ եմ շարժվում:Որսի ժամն է:Աչքերս փայլում են սառը ու ձեզ համար անհասկանալի փայլով:Դուք հասարակ կենդանիներ եք,իսկ ես...Գայլ եմ:
Նյութի աղբյուր՝ http://sunesevada.blogspot.com/2011/12/blog-post_20.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել