Հետևում ես Իրան-Ամերիկա հարաբերություններում նոր զարգացումներին ու առաջին բանը, որ մարդու մտքով անցնում է մեր մեծերից լսած հայտնի խոսքն է, թե` «պարսիկները բամբակով վիզ են կտրում»:
Ինչպիսի՜ հանդարտությամբ ու հանգստությամբ են արձագանում Թրամփի` Իրանին առնչվող ջղաձիգ որոշումներին, ինչպիսի՜ հայրական տոնով է Ռուհանին խոսում Թրամփի` Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու որոշման մասին` ասելով. «Այսօր ժամանակը չէ ազգերի միջև պատեր կառուցել: Նրանք մոռացե՞լ են, թե ինչպես փլուզվեց Բեռլինյան պատը»: Կամ ինչպիսի՜ սառնասրտությամբ են նայում ամերիկյան կողմի` միջուկային համաձայնագրի պարտավորությունների չկատարմանը, և թե ինչպիսի՜ խաղաղ ձայնով են հայտարարում, ի պատասխան, ուրանի հարստացման նորագույն սերնդի IR-8 ցենտրիֆուգերի փորձարկում սկսելու որոշման մասին:
Իսկ ուրբաթօրյա աղոթապետերի` այս շաբաթվա աղոթքներում «ամերիկյան թեմատիկայի» շոշափումը երկրի բոլոր նահանգներում հոգևորականներին հատուկ խաղաղությամբ, իրոք ընթերցելիս մեծագույն բավականություն է պատճառում: