Barometer.am-ը գրում է.
Արմավիրի մարզի Ակնալիճ և Տավուշի մարզի Զորական գյուղերում օրերս արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք` 6 տուժածով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Թունավորման պատճառը եղել է տնային պայմաններում պատրաստված ծիծակի և լոլիկի մարինադի պահածոների օգտագործումը: Ուտելուց 24 ժամ անց հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ։ Հիվանդները շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Երևան, Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային պոլիվալենտ շիճուկ: Հիվանդներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` միջին ծանրության։ Թունավորվածների բուժումը շարունակվում է:
Հիշեցնենք, որ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում են և արտադրում թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և ջերմության (1200-1300C) ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում։ Տնային պայմաններում այն հնարավոր չէ իրականացնել:
Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը:
Հիվանդության հիմնական ախտանշաններն են` սրտխառնոց, փսխումներ, փորլուծություն կամ փորկապություն, որովայնի շրջանում ցավեր, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, բերանի չորություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, բբերի լայնացում, կոպի իջեցում, խոսքի խանգարում (խռպոտություն, ռնգախոսություն), շնչահեղձություն, կլման ակտի խանգարում, հավասարակողմ կաթված: Դրանք ի հայտ են գալիս ախտահարված սնունդն ընդունելուց հետո 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում:
Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է.
- - խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,
- - տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,
- - մի գնե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,
- - առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի: