Ըստ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի` ԻԻՀ քաղաքագետներից մեկն ասել է, որ Թեհրանն Ադրբեջանի շիաներին այդ երկրի իշխանությունների դեմ օգտագործելու համար մեծ պոտենցիալ ունի, սակայն երբևէ չի գնացել նման քայլի, որին ի պատասխան` ԱՀ խորհրդարանի պատգամավոր, հասարակական կազմակերպությունների և կրոնական կառույցների հանձնաժողովի անդամ Ֆազիլ Մուսթաֆան ասել է.
«Իրանն Ադրբեջանում շիայական գործոնն ուժեղացնելու համար օգտագործում է բոլոր միջոցները, նույնիսկ շիաների շրջանում խթանում է թմրամոլության տարածումը` նրանց համար անվճար թմրամիջոցներ բաժանելով: Հակաիսլամական բոլոր ուղերձները հենց նրանց միջոցով են տարածվում: Բնական է, որ Ադրբեջանում մեծ քանակությամբ շիա հավատացյալներ կան և ցավալի է, որ Ադրբեջանի մեծ թվով քաղաքացիներ կարող են հավաքագրվել Իրանի հետախուզական ծառայությունների կողմից: Սրանց մեծամասնությունը հակված է ոչ թե սեփական հայրենիքի, այլ Իրանի պաշտպանությանը: Ադրբեջանական պետականությունը պահպանելու համար պետք է հենց այս վտանգը չեզոքացնենք: Մեր ամբողջ պայքարը պետք է կենտրոնանա հենց սրա վրա, քանի որ այս ուղղությամբ Իրանն ահռելի աշխատանք է կատարել»:
Գործընթացները գնալով ավելի հետաքրքիր են դառնում, քանի որ եթե երկու ամիս առաջ Ադրբեջանի իշխանությունների վառ երազը իրենց տարածքով Իրանը Ռուսաստանի հետ կապելն էր, ապա այսօր արդեն խոսում են Իրանի կողմից «ԱՀ շիաների շրջանում անվճար թմրանյութեր տարածելուց և Ադրբեջանին սպառնացող իրանական վտանգից»: