Երեկ Անկարայում և Ստամբուլում ցույցեր են տեղի ունեցել Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունների դիմաց, որի արդյունքում ԻԻՀ ԱԳՆ է կանչվել Իրանում Թուրքիայի դեսպանը, կարճ ասած՝ լարվածություն է առաջացել Թուրքիա-Իրան հարաբերություններում: Այսօր զինված հարձակման արդյունքում նույն Թուրքիայում սպանվել է Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանը: Այս անգամ արդեն, բնականաբար, սպասվելու է լարում Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում: Արդյոք չկա՞ կապ այս երկու դեպքերի միջև: Ե՛վ Իրանը, և՛ Ռուսաստանը Սիրիայում տեղի ունեցող զարգացումների գլխավոր դերակատարներից են: Մյուս կողմից էլ Թուրքիան, ինչքան էլ ժամանակին համագործակցել է ԻՊ-ի հետ, վերջին շրջանում մտել է այդ «պետության» հետ ուղիղ առճակատման դաշտ, և Թուրքիայում տեղի ունեցող պայթյունների պատճառը իրանցի վերլուծաբաններն, օրինակ, բխեցնում էին հենց այդ կետից:
ԻՊ-ի մասնակցությունը Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններում թվում է հավանական: Իհարկե, ԻՊ-ի համար շատ ավելի ցանկալի կլիներ, որ կարողանար ուղղակիորեն փչացներ նաև Իրան-Ռուսաստան հարաբերությունները, բայց ի տարբերություն Թուրքիայի` նշված երկու երկրներում էլ ԻՊ-ի ձեռքերը շատ կարճ են: Հետևաբար, գործողություններն իրականացվում են այնտեղ, որտեղ նրանց տրվել է ժամանակին ամրանալու և արմատներ ձգելու հնարավորություն: