Պարզվում է, Արեգակնային համակարգը բոլորովին էլ այնպիսին չէ, ինչպիսին մենք սովոր ենք պատկերացնելBarometer.am-ը գրում է.

Երկիրը կլոր է, Մերկուրին ամենատաք մոլորակն է, իսկ Արևը դեղին է:

Թվում է, սրանք պարզ ճշմարտություններ են, որոնք հայտնի են նույնիսկ աստղագիտությունից հեռու մարդկանց: Իրականում ամեն ինչ այլ կերպ է:

Արևը հսկայական հրե գունդ է
Աստղագիտությունից տեղյակ մարդկանց հայտնի է, որ Արեգակը պատկանում է դեղին թզուկ կոչվող աստղերի տեսակին: Հետևաբար բնական է ենթադրել, որ մեր լուսատուն դեղին գույն ունի: Իրականում Արեգակը, ինչպես և մյուս դեղին թզուկները, բացարձակապես սպիտակ է:
Իսկ ինչո՞ւ է այն մեզ դեղին թվում: Պարզվում է, խնդիրը կապված է Երկրի մթնոլորտի հետ: Ինչպես հայտնի է, մթնոլորտն ամենից լավ անցկացնում է սպեկտրի դեղնա-կանաչավուն մասում գտնվող երկար ալիքները: Արևը գերազանցապես ճառագում է սպեկտրի կանաչա-մանուշակագույն մասի ալիքներ, որոնք մեր մթնոլորտը ցրում է: Հենց այդ պատճառով էլ մեր աստղը Երկրից դեղին է թվում: Սակայն Երկրի մթնոլորտից դուրս գալուն պես Արևը ստանում է իր իսկական գույնը:

Երկիրը գնդի ձև ունի
Դա միաժամանակ և՛ այդպես է, և՛ այդպես չէ: Երկրի ձևն անընդհատ փոփոխվում է լիթոսֆերային սալերի անընդմեջ շարժման հետևանքով: Իհարկե, փոփոխման արագությունը այդքան էլ մեծ չէ (միջինում այն տարեկան 5սմ է), սակայն դա ազդում է մեր մոլորակի «պրոֆիլի» վրա, որն իդեալական հարթ չէ:

Լուսնի հակառակ կողմը մութ է
Գոյություն ունի բավական տարածված մի մոլորություն, ըստ որի Արեգակի ճառագայթները լուսավորում են միայն լուսնի մի կողմը, իսկ մյուս կողմը միշտ մութ է մնում: Այդ սխալն առաջացել էայն պատճառով, որ մեր արբանյակը դեպի Երկիր է շրջված միշտ նույն կողմով, իսկ մյուս կողմը Երկրից նայողներին անտեսանելի է: Իրականում Արևը միաժամանակ տաքացնում է լուսնի և՛ երևացող, և՛ չերևացող մասերը: Բանն այն է, որ լուսնի իր առանցքի շուրջը պտտվելու ժամանակահատվածը համընկնում է Երկրի շուրջը նրա պտտվելու ժամանակահատվածի հետ: Հենց այդ պատճառով էլ մենք տեսնում ենք լուսնի միայն մի կիսագունդը:

Մերկուրիի վրա ջերմաստիճանն ավելի բարձր է, քան մյուս մոլորակների վրա
Թվում է, որ դա տրամաբանական է. Մերկուրին Արևին ամենամոտ գտնվող մոլորակն է, հետևաբար նրա մակերևույթին ջերմաստիճանն ավելի բարձր պետք է լինի, քան մյուս մոլորակներում: Սակայն Արեգակնային համակարգի «ամենաշոգ» մոլորակը Վեներան է, թեև այն գտնվում է լուսատուից ավելի քան 50 միլիոն կիլոմետր ավելի հեռու, քան Մերկուրին:

Մերկուրիի վրա ցերեկային միջին ջերմաստիճանը կազմում է մոտավորապես 350OC, մինչդեռ Վեներայի մակերեսին այն հասնում է համարյա 480 OC:
Իրականում մոլորակի ջերմաստիճանը կախված է նրա մթնոլորտից: Մերկուրիի վրա մթնոլորտը համարյա բացակայում է, մինչդեռ Վեներայի մթնոլորտը համարյա ամբողջությամբ կազմված է ածխաթթու գազից և շատ խիտ է: Խտության պատճառով մոլորակի վրա առաջանում է ուժեղ ջերմոցային էֆեկտ և ջերմաստիճանը բարձրանում է:


Բաց տիեզերքում մարդն առանց սկաֆանդրի պայթում է
Այս մոլորության պատճառն, իհարկե, սարսափելի տեսարաններ ցույց տվող հոլիվուդյան ֆիլմերն են: Իրականում մեր մաշկը բավական էլաստիկ է և ունակ է բոլոր ներքին օրգանները պահել իրենց տեղում: Էլաստիկության շնորհիվ անոթների պատերը արյունը կպաշտպանեն նաև եռալուց: Բայց ահա բջիջներում պարունակող ջուրը կսկսի եռալ և մարդը որոշ չափով կմեծանա, բայց չի պայթի:
Մարդու կործանման իրական պատճառը կլինի թթվածնային քաղցը: Բաց տիեզերում առանց սկաֆանդրի հայտնվելուց 15 վայրկյան անց մարդը կկորցնի գիտակցությունը, իսկ 2 րոպե անց՝ կմահանա:

Ձմռանը Երկիրն ավելի հեռու է Արեգակից, քան ամռանը
Շատերը մտածում են, որ եթե ձմռանն ավելի ցուրտ է, քան ամռանը, նշանակում է` Երկիրը հեռու է Արևից: Սակայն իրականում հակառակն է: Տարվա ցուրտ եղանակին Երկիրը 5կմ ավելի մոտ է Արևին, քան ամռանը:

Բանն այն է, որ բացի Արևի շուրջը պտտվելուց, Երկիրը պտտվում է նաև իր առանցքի շուրջը, ինչի շնորհիվ տեղի է ունենում գիշերվա և ցերեկվա հերթափոխը: Հյուսիսային և հարավային բևեռներով անցնող առանցքը ուղղահայաց չէ և արևի ճառագայթները Երկրի վրա հավասար անկյան տակ չեն ընկնում: Այդ պատճառով էլ տարվա մի կեսին արևի ջերմության մեծ մասը ընկնում է հարավային կիսագնդի վրա, իսկ մյուս կեսին՝ հյուսիսային կիսագնդի վրա, ինչն էլ հանգեցնում է տարվա եղանակների հերթափոխին:

Ինչպես հայտնի է, հարավային կիսագնդում ձմեռներն ավելի տաք են, քան հյուսիսայինում: Դա բացատրվում է նրանով, որ Երկիրը Արևին առավել մոտ է լինում հունվարին, այսինքն այն ժամանակ, երբ հարավային կիսագնդում օրացուցային ամառ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել