Անտուան (Անտոն) Սեւրյուգին (Antoin Sevruguin). հայկական ծագումով 19-րդ դարավերջի մեծ համբավ ունեցող լուսանկարիչ, եղել է Քաջարների դինաստիայի իրանական արքունիքի պաշտոնական լուսանկարիչը: Ներկայացվող պատկերում Անտուան Սեւրյուգինը՝ իր կնոջ (նստած են), երեխաների և եղբոր հետ է:
Անտուան Սեւրյուգինը ծնվել է 1830 թ. Թեհրանում` Պարսկաստանում Ռուսական դեսպանության հյուպատոս հայազգի Բարսեղ Սեհրուվյանի (կամ Սեւրուջյան, իսկ ռուսական տարբերակով` Վասիլի Սեւրյուգին) ընտանիքում, Անտուանի մայրը՝ վրացուհի էր: Անտուան Սեւրյուգինն ապրել է երկար կյանք՝ շուրջ 103 տարի և մահացել 1933-ին` Թեհրանում: Ապագա լուսանկարիչը հոր մահից հետո, 1840-ականների վերջին տեղափոխվում է Թիֆլիս, որտեղ ավարտում է դպրոցը և սովորում է նկարել: Հետագայում հետաքրքրվում է գեղարվեստական լուսանկարչությամբ, որն էլ դառնում է նրա ողջ կյանքի ներշնչանքն ու աշխատանքը: Ի դեպ, նրա վրա մեծ ազդեցություն է թողել մեկ այլ անվանի լուսանկարիչ՝ Դմիտրի Երմակովը: Վերադառնալով Պարսկաստան, Սեւրյուգինը դառնում է այդ բազմազգ ու խայտաբղետ երկրի պաշտոնական կյանքի ու առօրյա կենցաղի վավերագրողը: Շուտով Անտուան Սեւրյուգինը ամուսնանում է հայուհի Լուիզա Գուրգենյանի հետ և ունենում յոթ զավակ:
1883 թվականին Անտուան Սեւրյուգինը եղբոր հետ Թեհրանում հիմնում է առաջին լուսանկարչատունը: Նրա վառ ու պատկերավոր աշխատանքները և հատկապես կանացի դիմանկարները մեծ համբավ են ձեռք բերում նրան: Սեւրյուգինը սկսում է բազմաթիվ պատվերներ ստանալ Եւրոպայից ու Ռուսաստանից, նրա գործերը ցուցադրվում են տարբեր ցուցասրահներում ու տպագրվում որպես փոստային բացիկներ: Սակայն Իրանում 1908 թ. սահմադրական հեղափոխության ժամանակ Անտուան Սեւրյուգինի լուսանկարչատունը հիմնահատակ ավերվում է: Մոտ 7000 աշխատանքների մեծ հավաքածուից փրկվում է միայն 2000-ը: Ներկայումս պահպանված նեգատիվները գտնվում են տարբեր թանգարաններում, իսկ զգալի մասը, շուրջ 700 հատ՝ պահվում է Սմիթսոնյան ինստիտուտում (ԱՄՆ):