Փոքր տարիքում ամռանը գնում էի Արտաշատ՝ մեր հարազատների տանը ապրելու: Երեխեքով հողե բլրակի գլխին տերևներից փոքր տնակ էինք կառուցել, առավոտյան Դուխիկ տատին լոլիկները, վարունգներն ու պանիրը տալիս էր ձեռքներս, մեզ պաչպչում, ասում՝ արևի տակ հանկարծ չմնաք, էս էրեխեն քաղաքի աղջիկ ա, սովոր չի, շվաքին կպահեք: Քույրիկներս ցուլերից ինձ փախցնելով, ճահճի միջից բամբուկ քաղելուս անհագ տենչը շորերիցս քաշելով հագեցնելով, ասֆալտի մարդուն սազող պրիմիտիվ հարցերիս դիմանալով, կողքերս կատարվող ամեն իրադարձություն էկզոտիկ համարող դեմքիս վրա ծիծաղելով, լոլիկները մեր մաշված շորերին քսելով, կիսացեխոտ ուտելով գնում էինք բլրակի կանաչ տուն՝ հետևելու, որ ներքևի ցանքից չգան գողանալու, բերքին չկպնեն, եգիպտացորենը չվառեն, մեզ վնաս չտան: Կարդում էինք, ամառային արձակուրդների վարժություններն էինք գրում, իրար ծեծում ու լացում էինք, բայց աչքներս հողին էինք պահում: Ինձ էլ ժամանակ առ ժամանակ ոտքի թեթև հարվածով շպրտում էին շվաքի կողմ, թե չէ ինձ մի բան լիներ, երեքով միասին կարգին քոթակ էինք ուտելու, Դուխիկ տատիկի դեմ խաղ չկար:
Գյուղում կարողանում ես բլուրներ բարձրանալ, էստեղ Սարյանի փոստի աստիճանները բարձրանում ես, հոգիդ փչում ես: Էնտեղ պանիր կծմծելով կշտանում ես, էստեղ նախապատվությունը տալիս ենք ռիզոտտոյին, սուշիներին, հավի սթրիփսներին: Բացարձակ վատ բան չկա լանչեր անելու ու «Mango» կրելու մեջ: Անգամ ռիլեյշնշիփներն են հավես ու հետաքրքիր հարաբերությունների վերածվում: «Victorias secret» կրելիս քեզ մի քիչ ավելի լավ ես զգում, հաճելի ու կարևոր զգացողություն է: Քաղքենիությունը սկսում է այն ժամանակ, երբ մոռանում ենք մեր կերած ցեխոտ լոլիկները ու փորձում չհիշել, որ ժամանակին մեզ կայուն մարդ համարելու համար պետք չէր ցինիկաբար ղժալ սրա-նրա վրա, պետք էր ուժ ունենալ՝ բլրակ հաղթահարելու, բերքին տիրություն անելու, մոշ հավաքելու համար: Բալանսը լավ բան ա, ասում են՝ դեռ ոչ մեկի չի խանգարել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sunesevada/posts/1030351830427138
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել