Ներկայացնենք մի հազվագյուտ նմուշ համացանցից՝ 1914 թվականի մեդալյոն, որը պատկերում է հայ կամավորներին օրհնող Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցին: 1914-ի սեպտեմբերից ցարական կառավարության հրահանգով Կովկասյան ճակատում ռուսական զինուժի կազմում մարտական գործողություններին մասնակցելու համար սկսեցին կազմակերպվել հայկական կամավորական ջոկատներ, և դա Արևմտյան Հայաստանի ապագա ինքնավարության մասին անորոշ և դատարկ խոստումների ներքո: Պատմական դեպքերի հետագա ընթացքը ցույց տվեց, որ ռուսական իշխանական էլիտայի կողմից հայ ժողովրդի հանդեպ այդ ամենը ուղղակի հանցավոր խաբեություն էր, որի հետևանքները ողբերգական եղան մեզ համար:
Հատված Ալեքսանդր Խատիսյանի հուշերից. «1915 թ. ռուսական բանակը մտավ Թուրքիայի խորքերը: Հայ կամավորները, միշտ որպես առաջապահներ, քաջորեն կատարում էին զինվորական իրենց բոլոր աշխատանքները՝ որպես կռվողներ, հետախույզներ և պաշտպաններ հայ գաղթականության: Կովկասի մեջ կատարվեցին վարչական մեծ փոփոխություններ: Սկսվեց նոր քաղաքականություն, նոր շրջան: Փոխվեց և վերաբերմունքը դեպի հայ կամավորները: Ես, որպես ներկայացուցիչ հայ կամավորական բանակի, իսկույն զգացի վերաբերմունքի այդ փոփոխությունը, որի գլխավոր պատճառներն հետևյալն էին՝ 1. ռուս կառավարությունը վախենում էր, որ հայ կամավորական բանակը լեհ կամ չեխ լեգիոնների նման կարող էր խոչընդոտ հանդիսանալ շրջանի ռուսացմանը, 2. Արևմտյան Հայաստանը գրավելուց հետո կամավորների դերը համարվում էր վերջացած, 3. Արևմտյան Հայաստանում այլևս հայեր չկային, մնացել էին քրդեր, որոնց ռուս կառավարությունը ուզում էր սիրաշահել և այդ նպատակով ուղարկել էր հատուկ գործակալ իշխան Շախավսկոյին, 4. մթերքի և հրացանների պակասը Եվրոպական ճակատում ստիպում էր ետ առնել հայ կամավորների երեքգծանի հրացանները և փոխարինել դրանք բերդաններով…
Հայ կամավորների կացությունը ողբերգական էր դարձել: Ռուսական իշխանությունը, արդարացնելու համար իր այդ վերաբերմունքը, կամավորների վրա բարդեց ծանր հանցանքներ՝ մեղադրեց նրանց դասալքության, քրդերի դեմ բռնություններ գործադրելու մեջ: Ես պահանջեցի քննություն կատարել, որը և ցույց տվեց այդ լուրերի անհիմն լինելը: Պարզ էր, որ բոլոր այդ զրպատությունները մեկ նպատակ ունեին՝ զինաթափել հայ կամավորական խմբերը… 1916 թ. փետրվարին ռուսները գրավեցին Էրզրումը: Կամավորական խմբերի անհրաժեշտությունը դառնում էր ավելորդ: Սկսվեց հաշվեհարդարը: Նախ՝ ազատ արձակվեցին նրանք, ով կամենում էր հանգստի գնալ: Մնացած ստորաբաժանումները վերածվեցին ռուսական գնդերի, որոնք գլխավորեցին ռուս կամ հայ զինվորականները: Արձակվեցին հայ հրամանատարները, և 1916 թ. գարնանը վերջացավ կամավորական բանակների վերակազմությունը…» («Երիտթուրքերի և Ռոմանովների միջև», «Հայրենիք» ամսագիր, թիվ 12, 1932):