Իսպանիայի Կադիս քաղաքի տարածաշրջանային պատմական արխիվում պահպանվում է 1699 թվականի մի ուշագրավ հայերեն փաստաթուղթ, որը հրապարակված է նշված արխիվի ֆեյսբուքյան էջում: Փաստաթուղթը լրացուցիչ հետազոտության կարիք ունի, իսկ մենք ուղղակի հակիրճ ներկայացնենք որոշ դրվագներ:
Ներկայացվող փաստաթղթի պատմությունն այսպիսին է եղել. երկու հայ եղբայրներ Պարսկաստանից (հավանաբար՝ Նոր Ջուղայից) ուղևորվում են Իսպանիայի այն ժամանակվա խոշորագույն նավահանգիստ Կադիս, որպեսզի ստանան այստեղ առևտուր անող վաճառականների կուտակված պարտքերը և վերադարձնեն պարտատերերին՝ Պարսկաստան: Պատմությունը փաստում է, որ 17-18-րդ դարերում մեծաթիվ հայ վաճառականներ մշտապես նավարկել են Միջերկրական ծովի խոշոր նավահանգիստներով և զբաղվել ամենատարբեր ապրանքների վաճառքով՝ Վենետիկում, Լիվորնոյում, Կադիսում, Լիսաբոնում, Տանժերում և այլն:
Նշված եղբայրներն որպես օրինական փաստաթուղթ իրենց հետ ունեցել են հայերենով գրված լիազորագիր (հաստատված կլոր կարմիր կնիքով) և մի ծավալուն պահանջագիր-պարտքացուցակ՝ վավերացված պարտատերերի և պարտապանների անձնական կնիքներով: Ներկայացվող փաստաթուղթը հանդիսանում է հենց այդ լիազորագիրն ու պարտքացուցակը, որը մի ամբողջական երկարավուն գլանաթերթ է: