Օրեր առաջ հանրությանը ներկայացվեց պատմական փաստաթղթերի վրա հիմնված ուշագրավ աշխատություն՝ «Կարսի մարզը Հայաստանի Առաջին Հանրապետության կազմում»: Գրքում Կարսի անկման պատճառները ներկայացվում են նորովի և միանգամայն իրատեսական տեսանկյունից: 1920 թվականի հոկտեմբերի 30-ի մեր պարտության պատճառը ոչ միայն արտաքին ուժերի գործոնն էր, այլ նաև Կարսի մարզում տիրող չինովնիկների ալան-թալանն ու ժողովրդի մեջ տարածված բարոյահոգեբանական անկումային մթնոլորտը, և որպես դրա հետևանք՝ բավականաչափ զենք ու զինամթերք ունեցող հայկական բանակը բարոյալքվեց, հրաժարվեց կռվել՝ ապավինելով միայն ռուսների «օգնությանը»:
Իմ մանկական հիշողություններից մնացել է 1960-ականների կեսերին բավականին տարածված մի երգի խոսքերը՝ «Կարս, Կարս, Կարս, Հայաստանի հարս, ե՞րբ պիտի դու Հայաստանին ետ վերադառնաս»: Այն ժամանակ հարցրի պապիս. «Իսկ ինչի՞ Կարսը Հայաստանից գնաց», նա պատասխանեց շատ կարճ, իսկ դրա ողջ իմաստն ինձ համար հասկանալի դարձավ միայն տասնամյակներ անց. «Որ նրան լավ նայեինք, հաստատ չէր գնա»:
Նկարում՝ Կարսի քաղաքային զբոսայգին, Ս. Թոսունյանցի լուսանկարչատուն, Կարս, 1908 թ.: