Չարենցի առաջին կինը՝ Արփենիկը... Հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի առաջին կինը եղել է Արփենիկ Տեր-Աստվածատրյանը (նկարում): Արփենիկը ծնվել էր Նախիջևանում 1899 թվականին, նախնական կրթությունը ստացել Թիֆլիսի Գայանյան ուսումնարանում, ապա սովորել Մոսկվայի ուսուցչական համալսարանում։ 1920-ին նա գալիս է Երևան և աշխատանքի անցնում հատուկ խնդիրներ ունեցող երեխաների ամերիկյան նպաստամատույց կոմիտեի (Ամերկոմի) որբանոցում, և հենց այստեղ էլ կայանում է Չարենցի հետ Արփենիկի հանդիպումը․ Չարենցն այդ ժամանակ նույն այդ դպրոցում էր աշխատում: Մեկ տարի անց՝ 1921-ի մայիսին, նրանք ամուսնանում են։
Մեծ է եղել Չարենցի զգացմունքը Արփենիկի հանդեպ, ում հետագայում նա պիտի կոչեր «կին, ընկեր և հերոսական բարեկամ»: Այդ սերը հետագայում էլ շատ է ներշնչել բանաստեղծին։ Բնավորությամբ Արփենիկը եղել է մեղմ ու սրտակից ընկեր, միշտ հոգեկան նեցուկ է եղել Չարենցին, անգամ տխուր պահերին երգել նրա համար, և որ ամենակարևորն է, հասկացել է բանաստեղծին, ներել նրա բոլոր մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային ու գրական վեճերը։ Արփենիկը մահացավ 1927 թվականին, երբ Չարենցը բանտարկված էր: Բանաստեղծին ազատ են արձակում բանտից՝ կնոջ հուղարկավորությանը մասնակցելու համար: Արփենիկին թաղում են Երևանի Մլերի գերեզմանատանը (դա ներկայիս Կոմիտասի պանթեոնի տարածքն է):
Չարենցը սարսափելի ծանր տարավ Արփենիկի մահը։ Ինչպես ականատեսներն են վկայում, Չարենցը թափորի ողջ ընթացքում հոգեկան ծանրագույն վիճակում է գտնվել: Արդեն գերեզմանի մոտ դիմադրել է, չի թողել, որ դագաղը գերեզմանափոս իջեցնեն, ստիպել է բացել կափարիչը։ Պատմում են, որ Արփենիկի դագաղում, ապակյա տարայի մեջ ամփոփված, Չարենցը թողնում է ինչ որ ձեռագրեր, հավանաբար Արփենիկին նվիրված բանաստեղծություններ։ Հաջորդ օրն իսկ Չարենցը այրել է հանգուցյալ կնոջ բոլոր զգեստները, որոնք ինքը սիրով բերել էր արտասահմանից, որպեսզի ուրիշի ձեռքը չընկնեն և դրանով իսկ չնսեմանա սիրելիի հիշատակը։ Որպես թանկարժեք մասունք՝ Չարենցը թաղման արարողությունից առաջ հանել էր տվել Արփենիկի գիպսե դիմակն ու ձեռքի կրկնօրինակը. դրանք պահվում են բանաստեղծի տուն-թանգարանում։ Այդ օրերին էր նաև, որ Չարենցն իր կրծքավանդակի ձախ մասում՝ սրտի մոտ, դաջեց Արփենիկի մահվան տարեթիվն ու նրա անունը։