Ներկայացնենք պատմական Երևանի պահպանված մի հուշարձան ևս. Արամի և Կողբացի փողոցների խաչմերուկին, Մաշտոցի պուրակի հարևանությամբ գտնվող անկյունային այս շենքում է 20-րդ դարի սկզբին տեղակայված եղել պետական բանկը:
Կայսերական պետական բանկի Երևանի մասնաճյուղը բացվել էր դեռևս 1893 թվականին, իսկ 1902-ին ավարտվեց բանկի գլխավոր գրասենյակի երկհարկանի այս կառույցի շինարարությունը, որի ճարտարապետներն էին Վասիլի Միրզոյանն ու Նիկոլայ Կիտկինը: 1930-ականների սկզբին ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի կողմից շենքը վերակառուցվեց. ավելացվեցին երրորդ հարկն ու ձախակողմյան հատվածը:
Նշենք, որ 1918-1920 թթ. այս շենքում է գործել անկախ Հայաստանի առաջին պետական Կենտրոնական բանկը, իսկ 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին շենքում տեղակայված է եղել հոսպիտալ: 20-րդ դարասկզբի ներկայացվող լուսանկարում պատկերված է Արամի (նախկին Ցարսկայա) փողոցը. դիմացի բարձրունքին Կոնդ թաղամասն է, ձախից՝ Հին Երևանի պատշգամբով դասական առանձնատներն են (ներկայումս այդ տեղանքում Մաշտոցի պուրակի տարածքն է):