Ադրբեջանական խորհրդարան է ներկայացվել օրենքի նոր նախագիծ, համաձայն որի՝ երկրում պետք է արգելվի կրոնական քարոզը: Օրինագծի հաստատման դեպքում Ադրբեջանում արգելվելու են կրոնական արարողություններն ու ծեսերը, ինչպես նաև դրոշների և կրոնական բովանդակությամբ ցուցանակների տեղադրումը հասարակական վայրերում՝ բացառությամբ մզկիթների և կրոնական կենտրոնների: Ընդ որում, օրենքը տարածվելու է ոչ միայն Ադրբեջանի քաղաքացիների, այլև երկրում գտնվող օտարերկրացիների վրա: Նշված օրենքի ցանկացած խախտում պատժվելու է ծանր տուգանքներով:
Ադրբեջանում վախենում են շիայական ազդեցության ուժեղացումից, իսկ օրենքի ընդունումն Աշուրայի նախաշեմին միայն դրա ապացույցն է:
Ադրբեջանում մարդկանց մեծ զանգվածներ փողոց դուրս բերել այսօր հնարավոր է միայն կրոնի դրոշի ներքո, ինչն էլ արվում էր պարբերաբար: Դրա լավագույն օրինակներն են Նարդարանն ու Լենքորանը, որոնց երկուսի դեպքում էլ Ադրբեջանի ղեկավարները Իրանից փչող վտանգ են զգում:
Նկարներում Ադրբեջանի Նարդարան և Լենքորան բնակավայրերն են անցած տարվա նոյեմբերի ամսին` Աշուրայի և Թասուայի սգո արարողությունների ժամանակ: