Մի ընկեր ունեմ, ծխախոտը հանգցնում է ջրով կամ սուրճով լցված բաժակների մեջ: Հարցնում եմ՝ Սիդ, ինչո՞ւ ես էդպես անում, ասում է՝ ռեժիմի դեմ եմ պայքարում: Ասում եմ՝ ի՞նչ ռեժիմ: Բա թե՝ չգիտեմ, մոդա է, ես էլ հետևում եմ, հիմա ուղղակի նորաձև է ինչ-որ բանի դեմ պայքարելը՝ թեկուզ առանց հասկանալու: Հա, մեկ էլ երկարաճիտ կոշիկներն են մոդայիկ: Հարցնում է՝ երկարաճիտ կոշիկ ունե՞մ, ասում եմ՝ չէ, աշխատավարձս տվեցի գրքերին ու սպիտակ շոկոլադի: Հետո հարցնում է՝ իսկ պայքարո՞ւմ եմ ռեժիմի դեմ, ասում եմ՝ չեմ կարող պայքարել մի բանի դեմ, ինչը չեմ հասկանում:
Սիդն ասում է, որ ես հիմար եմ:
Իսկ ես շարունակում եմ ոչինչ չհասկանալ:
Սիդը գուլպաները թարս է հագնում՝ ներսի հատվածը դեպի դուրս: Ասում է՝ սա հնարավորություն է տալիս պետք եղած ժամանակ արագ ուղղել դրանք ու ձևացնել, թե շատ մաքուր են: Ոչ մեկ ներսի հատվածը չի ստուգում: Ասում է՝ սա գուլպայի մասին եմ ասում, նաև՝ ընդհանրապես: Ներսի հետ ոչ մեկ կապ չունի, որովհետև դուրսը սկսել է մարդկանց բավարարել: Հենց դրա համար բոլորը լավ են, բայց ոչ՝ երջանիկ:
Սիդը ժպտում է դեմքիս հիմար արտահայտության վրա:
Հետո փոխում է միտքն ու որոշում, որ հիմար են այն հեղափոխականները, որոնք չեն կարդացել Գիրքը: Իսկ ես: Չէ, ես հիմար չեմ:
Հարցնում եմ՝ ինչո՞ւ է գրքի մասին մեծտառով խոսում, ասում է՝ հեղափոխականների Աստվածաշունչն է:
՛՛1984’’-ի հետ է Սիդը: Ասում է՝ առանց այս Գիրքը հասկանալու չես կարող հեղափոխության մասին երազել, միտինգների մասին մտածել: Թե չէ կդառնաս ընդամենը մոդայի կրողը:
Ասում եմ՝ գիրքը չկարդացած ռեժիմի դեմ պայքարողներ չկա՞ն: Ասում է կան, բայց ապուշ են: Առհասարակ, ես դեռ հաճախ կտեսնեմ պայքարող ապուշների: Իմ հարցին, թե մի՞թե պայքարելն արդեն իսկ խելք ունենալու արդյունք չէ, Սիդը պատասխանում է, որ եթե պայքարը դառնում է նորաձև, ապա վերանում է դրա կարևորությունը:
Հարցնում եմ՝ ինչո՞վ է կարևոր գիրքը: Ասում է նրանով, որ երկուսին գումարած երկու հավասար է հինգի:
Հետաքրքիր է, ասում եմ:
Ասում է՝ Մեծ Եղբոր հետ պետք է ծանոթանամ, ես պիտի կարդամ Գիրքը: Հո անուղեղ միտինգավորներից չե՞մ:
Ասում եմ՝ բայց ի՞նչ կապ ունի գիրքը հեղափոխության հետ:
Սիդը պատասխանում է, որ հեղափոխությունը գրքերով է լինում:
Ու ես թեյից կում անելիս լեզուս վառում եմ:
Հարցնում եմ՝ պարտադի՞ր է պայքարել ինչ-որ բանի համար: Ասում է,որ պայքարել պետք է միայն ինքդ քեզ ճանաչելու համար: Հենց ճանաչեցիր՝ էլ խնդիր չես ունենա: Կլուծվեն բոլոր հարցերը: Ասում է՝ նույնիսկ Հիտլերը ամբողջ աշխարհը շուռ տվեց,որպեսզի ինքն իրեն գտնի ու ճանաչի: Ասում եմ՝ ո՞րն էր իրեն չսիրելու պատճառը: Ասում է՝ մայրը իրեն չէր սիրում: Հետագայում դա նրա համար այնպիսի հոգեբանական խնդիր դարձավ, որ նույնիսկ կնոջ հետ սիրով զբաղվելիս ստիպում էր իրեն երեխայի նման գրկել ու կրծքով, իբր թե, կաթ տալ: Մշտապես գլխավերևում մոր նկարն է փակցված եղել: Ըստ մյուս վարկածի, մորը չափից դուրս շատ է սիրել: Բայց երկու դեպքում էլ աշխարհի դեմ պայքարել է, որ իրեն հաղթի:
Չգիտեմ՝ Սիդն ինչքանով է ճիշտ:
Նա էլ չգիտի: Մի տեղից լսել ու կրկնում է:
Ասում եմ՝ Սիդ, էս ամենն ինձ ինչո՞ւ ես պատմում:
Ասում է՝ չգիտեմ:
Առաջարկում եմ լռել:
Մենք լռում ենք: Ու ես հիշում եմ, որ երկուսին գումարած երկուս հավասար է հինգի: Ու մոտս տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ մեկը հետևում է մեզ: Երևի Մեծ Եղբայրն է: Տեսնես գրքում նո՞ւյնպես բոլորին հետևում է:
Ասում եմ՝ Սիդ, բա հեղափոխություն եթե լինի, ի՞նչ կլինի:
Ասում է՝ ներքի՞ն, թե՞ արտաքին:
Պատասխանում եմ՝ երկուսն էլ:
Ասում է՝ գուլպաների օրենքն է գործում: Բոլորը գուլպաների ներսը դուրս են դարձրել ու էդպես են հագնում: Ու ոչ մեկ ներս չի նայում, մինչդեռ հեղափոխությունը պետք է գուլպայի ներսում լինի: Ցանկացած դրսի հեղափոխություն ներսից է սկսում: Հարցնում է՝ հասկանո՞ւմ եմ:
Ասում եմ՝ չէ:
Ասում է՝ Գիրքը կարդա, կհասկանաս:
Ու ծխախոտը հանգցնում է թեյիս մեջ: