Մեզ բոլորիս թվում է, որ մենք ապրում ենք քաղաքակիրթ հասարակությունում, սակայն երբ անցնում ես Հյուսիսային պողոտայի կամ թեկուզ այնտեղ, որտեղ ես եմ աշխատել՝ Արամի և Աբովյան փոխոցի խաչմերուկում կառուցվող նորակառույցներով, ակամայից չես էլ մտածում, թե ինչ պայմաններում են աշխատում և ինչպես են վարձատրվում այս երկրի բանվորները: Մինչև ցրտաշունչ դեկտեմբերի ավարտը ես ինքս աշխատել եմ այդտեղ և դեռ լրիվ չեն վարձատրել ինձ և իմ բանվոր կոլեգաներին մեր հասանելիք խղճուկ գումարը: Նախ նշեմ, որ աշխատանքը կատարվում է շատ վտանգավոր պայմաններում՝ այս երկու ամսվա ընթացքում իմ կոլեգաներից մեկը քիչ էր մնում ոտքը կոտրեր վերամբարձ կռունկի անփույթ աշխատանքի պատճառով: Իսկ ի՞նչ կլիներ, եթե նրա ոտքը կոտրվեր, ոչինչ էլ չէր լինի: Ոչ ոք չէր պատրաստվի վճարել հիվանդանոցի ծախսերը: Կասեին՝ քո մեղքն է, պետք է զգույշ լինեիր: Այ թե ինչպիսի ստրկատիրական երկրում ենք ապրում մենք: Ես դեռ չեմ ասում, որ բանվորները չունեն որևէ աշխատանքային պայմանագիր, և նրանց ստրկատերերը կարող են ամեն րոպե տուն ուղարկել առանց վերջնահաշիվը տալու: Եվ ավելին՝ նրանք զօր ու գիշեր աշխատում են և չեն կարողանում ինչ-որ մի ձև թոշակային ֆոնդին գումար տալ, որպեսզի գոնե մի քիչ բարեկեցիկ ծերություն ունենան այդքան դժվար և չարքաշ կյանքից հետո:
Հեշտ չէ դեկտեմբեր ամսին աշխատել պադվալային հարկերում և շենքի հիմքի համար քարավազ (շիբին) փռել, երբ «պռառաբը (ստրկատերը)» վերևում կանգնած հետևում է, որ իր վճարած երեք հազար դրամի համար ստրուկը ամեն րոպե աշխատի՝ երբեմն արգելելով որպեսզի նույնիսկ կրակ վառեն տաքանալու համար: Ես կրթված անձնավորություն եմ և ունեմ հնարավորություն բարձրաձայնելու այս փաստը, մինչդեռ հազարավորները գլուխները կախած ամեն օր ստրուկի պես աշխատում են՝ կարծելով, որ դա ճիշտ է, և հասարակությունը այլ ձև չի կարող լինել: Մինչ բոլորը քննադատում են այս կամ այն շենքի սիրունությունը, և արդյոք այն վայել է Երևանի կոլորիտին, ես խորհուրդ կտայի գոնե մի քիչ մտածել այդ շենքերը սարքող խղճուկ բանվորների մասին, որոնք նույնպես մարդ են:
Բանվորներից շատերը վախենում են բարձրաձայնել, որ իրենց աշխատավարձը չեն տա՝ մտածելով, որ մենակ ոչինչ չեն կարող անել: «Այսպես է կյանքը,- ասում են նրանք,-եթե մի բան ասես, քեզ տուն կուղարկեն, փողդ էլ չեն տա, բա որ հանկարծ ծեծե՞ն»: Եվ այսպես տարիներ շարունակ...
Նյութի աղբյուր՝ http://blackbearcat.blogspot.com/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել