Armfootball.com–ը գրում է.
2016 թվականի Ամերիկայի գավաթի ընթացիկ խաղարկության եզրափակչում Արգենտինայի հավաքականը մրցեց Չիլիի հետ: Կիսաեզրափակիչներում Արգենտինան հաղթել էր ԱՄՆ-ին, իսկ Չիլին՝ Կոլումբիային: Երեկ տեղի էր ունեցել նաև երրորդ տեղի համար խաղը, մրցեցին ԱՄՆ-ի ու Կոլումբիայի հավաքականները,հաջողությունն ուղեկցեց կոլումբիացիներին, որոնք հաղթեցին 1:0 հաշվով և դարձան բրոնզե մեդալակիր: Հիշեցնենք, որ անցած տարի Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ էին դուրս եկել կրկին Արգնետինայի ու Չիլիի հավաքականները և հետխաղյա 11 մետրանոցներով հաղթող էր ճանաչվել Չիլին:
Ինչ վերաբերում է ընթացիկ խաղարկության եզրափակչին, ապա նշենք, որ հանդիպումը տեղի ունեցավ Նյու-Ջերսի նահանգի Իստ-Ռատերֆորդ քաղաքի «Մետլայֆ» մարզադաշտում, որտեղ տնային հանդիպումներն են անցկացնում «Նյու-Յորք Ջայենտս» և «Նյու-Յորք Ջետս» թիմերը:
Առաջին կեսն անցավ համառ, անզիջում ու կոշտ պայքարում: Կողմերը մեկ մետր անգամ չէին ցանկանում զիջել: Արգենտինացիների գործողություններում լարվածություն էր նկատվում, վստահություն չկար: Չիլին փորձում էր վերահսկել գնդակի տեղաշարժը, մասամբ ստացվում էր, սակայն վտանգավոր պահեր ստեղծել չհաջողվեց: Արգենտինացիները մեկ իրական պահ ունեցան, սակայն Գոնսալո Իգուաինը, մեն-մենակ մնալովԿլաուդիո Բրավոյի դիմաց, չկարողացավ օգտագործել դարպասը գրավելու հնարավորությունը: Բացի դրանից, խաղի առաջին րոպեին վտանգավոր հարված կատարեց նաև Էվեր Բանեգան, սակայն գնդակը փոքր շեղությամբ անցավ դարպասաձողի կողքով: Առաջին կեսում թիմերը հաճախ էին խախտում կանոնները և պատահական չէ, որ մրցավարը կողմերից մեկական ֆուտբոլիստի կարմիր քարտ ցույց տվեց: Չիլիի հավաքականից հեռացվեց Մարսելո Դիասը(28՛) երկրորդ դեղինը ստանալուց հետո, իսկ Արգենտինայից՝Մարկոս Ռոխոն (43՛): Առաջին կեսն ավարտվեց 0:0 հաշվով:
Ընդմիջումից հետո տարածքային առավելությունը Չիլիի կողմն էր: Պիցիի սաներն վերահսկում էին գնդակի տեղաշարժը, Արգենտինան փորձում էր հակագրոհել և հույսը դրել էր Մեսսիի վրա: Թիմային խաղն ընդհանրապես չէր ստացվում Տատ Մարտինոյի գլխավորած թիմի մոտ: Վտանգավոր գրոհներ գրեթե չեղան, եթե չհաշվենք աջ եզրից Չիլիի հավաքականի հարձակվող Վարգասի ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Ագուերոյի կատարած հարվածները: Առաջին դեպքում վստահ խաղաց դարպասապահ Ռոմերոն, իսկ երկրորդի դեպքում գնդակը բարձր ընթացավ: Երկրորդ կեսում նույնպես գոլ չգրանցվեց:
Լրացուցիչ առաջին կեսում պատկերը մի փոքր փոխվեց, թիմերն ակտիվացան, գոլային պահեր էլ եղան: Դրվագներից մեկումՎարգասը կարող էր բացել հաշիվը, սակայն գլխով կատարած հարվածը թույլ ստացվեց: Պատասխան գրոհի ժամանակ Արգենտինան տուգանայինի իրավունք ստացավ: Մեսսիիփոխանցումից հետո Սերխիո Ագուերոն հաղթող դուրս եկավ երկրորդ հարկում և հարվածեց դարպասին: Կալուդիո Բրավոնֆանտաստիկ ցատկով փրկեց Չիլիին վերահաս գոլից: Լրացուցիչ առաջին կեսում նույնպես գոլ չգրանցվեց:
Լրացուցիչ երկրորդ կեսում հավաքականների մարզիչները մի շարք փոփոխություններ կատարեցին՝ փորձելով թարմություն հաղորդել խաղին: Ասել, որ դրանից պատկերը կտրուկ փոխվեց սխալ կլինի: Խաղակեսի ավարտին նախաձեռնությանը տիրեց Արգենտինան, կազմակերեպեց մի քանի գրոհներ, որոնք չիլիացիները կարողացան չեզոքացնել: Արդյունքում գրանցվեց 0:0 հաշիվը և թիմերը ուժերը փորձեցին հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշարում: Հաջողությունն ուղեկցեց Չիլիին, որն երկրորդ տարին անընդմեջ դարձավ չեմպիոն:
Տեսանյութերն`այստեղ