Armfootball.com-ը գրում է.

Եվրոպայի առաջնության երկրորդ խմբի առաջին խաղում Անգլիայի հավաքականը մրցեց Ռուսաստանի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում: 

Հենց սկզբից թիմերը բարձր տեմպ հաղորդեցին խաղին: Առաջին վտանգավոր պահը տեղծեցին անգլիացիները: 6-րդ րոպեին աջ եզրից Կայլ Ուոկերը ճեղքեց ռուսների պաշտպանությունը և փոխանցեց ավելի հարմար դիրքում գտնվող Ադամ Լալանային: «Լիվերպուլի» ֆուտբոլիստն ընդունեց գնդակն ու հարվածեց դարպասին: Հարվածն ուղիղ դարպասապահ Ակինֆեևի վրա ստացվեց: Վերջինս վստահ խաղաց և գնդակը դուրս բերեց անկյունային:

Դրանից հետո Հոջսոնի սաները մեծ ուժերով սկսեցին գրոհել, վերահսկել գնդակի տեղաշարժը: Չնայած խաղային ու տարածքային առավելությանը՝ Լեոնիդ Սլուցկիի գլխավորած հավաքականը հուսալի էր խաղում պաշտպանությունում և հնարավորության դեպքում հակագրոհում: Դրանցից մեկում ռուսները տուգանայինի իրավունք ստացան: Փոխանցում հետևեց դեպի Անգլիայի հավաքականի տուգանային հրապարակ: Իգնաշևիչը օդային պայքարում հաղթող դուրս եկավ, բայց հարվածեց ուղիղ դարպասապահ Ջո Հարթի վրա:

Դրանից հետո Անգլիան շարունակեց գրոհել և 23-րդ րոպեին կարող էր բացել հաշիվը: Հարի Քեյնի փոխանցումից հետո հարվածային դիրք դուրս եկավ Ռախիմ Ստերլինգը, պատրաստվում էր հարվածել, բայց հաջող խաղաց  Իգոր Սմոլնիկովն ու վերջին պահին սահանկումով գնդակը հանեց անկյունային:

Ռուսաստանի հավաքականը մինչև առաջին կեսի ավարտը հավատարիմ մնաց ընտրած հակագրոհների մարտավարությանն ու այդպես էլ չփորձեց խաղը վերցնել իր ձեռքը:  Ինչ վերաբերում է Անգլիային, ապա չնայած ունեցած առավելությանը, բացի Լալանայի կատարած հարվածից, գրեթե ոչնչով աչքի չընկավ: 

Թերևս կարելի է առանձնացնել 34-րդ րոպեին Ուեյն Ռունիիհարվածը՝ աջ եզրից Կայլ Ուոկերի փոխանցումից հետո, ինչպես նաև 41-րդ րոպեին Դեննի Ռոուզի հարվածը, որոնք հեշտությամբ ետ մղեց Ակինֆեևը: Առաջին կեսն ավարտվեց 0:0 հաշվով:

Ընդմիջումից հետո պատերը մի փոքր փոխվեց: Ռուսները սկսեցին ավելի ակտիվ գործել: Ավելին, երկրորդ կեսի առաջին վտանգավոր հարվածը մրցակցի դարպասին կատարեց Ֆյոդր Սմոլովը՝փորձելով անակնկալի բերել Ջո Հարթին 63-րդ րոպեին:

Անգլիան պատասխանեց 70-րդ րոպեին: Ձախ եզրից հետևեց փոխանցում դեպի տուգանային հրապարակ: Ուեյն Ռունին 11 մետրանոցի նշակետից հարվածեց, Ակինֆեևը փայլուն խաղաց: Գնդակը դիպչեց ուղղահայաց դարպասաձողին և դուրս եկավ անկյունային:

73-րդ րոպեին Հոջսոնի սաները վտանգավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք ստացան: Գնդակին մոտեցավ Էրիկ Դայերն ու գեղեցիկ հարվածով խոցեց Ակինֆեևի պաշտպանած դարպասը: 

Մնացած ժամանակահատվածում Անգլիայի հավաքականը փորձեց պահպանել ձեռք բերած առավելությունը: Ամեն ինչ գնում էր դրան, սակայն ռուսները չէին պատրաստվում հանձնվել: Հիմնական ժամանակին ավելացրած 2-րդ րոպեին Ռուսաստանի հավաքականի կազմակերպած գրոհն ավարտվեց դարպասի գրավումով: Աջ եզրից հետևեց լայնակի փոխանցում դեպի մրցակցի տուգանային հրապարակ, օդային պայքարում հաղթող դուրս եկավ Վասիլի Բերեզուցկին և գլխի հարվածով գնդակն ուղարկեց Ջո Հարտիպաշտպանած դարպասի հեռավոր անկյունը: Վրա հասած Դենիս Գլուշակովին մնում էր միայն գնդակն ուղարկել դարպասապային գծից ներս: Արդյունքում ռուսները խփեցին պատասխան գոլը: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով:

Եվրոպայի առաջնություն, «B» խումբ, Մարսել «Վելոդրոմ» մարզադաշտ

Անգլիա - Ռուսաստան 1:1

Գոլը՝ Էրիկ Դայեր 73՛ - Դենիս Գլուշակով 90+2՛

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել