Barometer.am-ը գրում է.
Մայիսի 14-ին` երեկոյան, ծանր հիվանդությունից հետո` 75 տարեկան հասակում մահացել է անվանի հայ գեղանկարիչ, կերամիկ Արշոն (Արշավիր Կիրակոսյանը): Արշոն նկարել սկսել է 7 տարեկանից: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1982 թ.-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1993-2011 թթ.-երին դասավանդել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում:
Ներկայումս նկարչի ստեղծագործական ժառանգության կեսից ավելին վաճառված է: Նկարչի աշխատանքները պահպանվում են աշխարհի տարբեր թանգարաններում, ցուցասրահներում և մասնավոր հավաքածուներում (Անգլիա, Կանադա, ԱՄՆ, Ռուսաստան, Լատվիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հոլանդիա), ինչպես նաև ՀՀ տարբեր պետական հաստատություններում (Սարդարապատի թանգարանում, Հայաստանի գեղարվեստի ֆոնդում և այլուր):
Արշավիր Կիրակոսյանի ստեղծագործությունները հայկական գեղանկարչությունը հարստացրել են նոր կենսական երանգներով, պատկերման հնարքներով և գույների յուրօրինակ համադրումով:
Արշոն նկարահանվել է "Պատմության 36 պահապանները" ֆիլմում`մարմնավորելով Մեսրոպ Մաշտոցին: Ստեղծագործում էր գրեթե բոլոր ժանրերում` գեղանկարչությունից մինչև գրաֆիկա, կերամիկայից մինչև քանդակագործություն:
Նկարչի հոգեհանգստյան արարողությունը կկայանա մայիսի 16-ին` ժամը 17:30-20:00` Թևոսյան 10բ հասցեում գտնվող (Ջրվեժ տանող ճանապարհին) հոգեհանգստի սրահում: