Հրազդանի ընտրությունները զուտ քաղաքապետի ընտրություններ չէին, սրանք առավել մեծ գործընթացի մի բաղկացուցիչն էին, ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանի համար շատ կարևոր:
Կարևոր, որովհետև նախ՝ սա Նիկոլի նոր կուսակցության առաջին ճակատամարտն էր՝ հաշվի առնելով նրանց բացակայությունը հանրաքվեի գործընթացում, երկրորդ՝ «Քաղաքացիական պայմանագրի» ամենամարտունակ թեկնածուն Հրազդանում էր՝ Սասուն Միքայելյանը, երրորդ՝ Հրազդանի ընտրությունները Նիկոլի համար փաստացի 2017-ի խորհրդարանական ընտրությունների մրցավազքի մեկնարկն էին, որտեղ հաջողությունը շատ կարևոր էր:
Ինչևէ, Նիկոլի «պոկումը» չստացվեց Հրազդանում, կանխատեսելի է, որ նա գոնե կփորձի ակտիվ մասնակցություն ունենալ Գյումրիում և Վանաձորում, որտեղ քաղաքային ընտրություններն առաջիկա աշնանն են: Սակայն դեռ պարզ չէ, թե ինչ թեկնածուով կգնա «Նիկոլ Փաշինյանը», ամեն դեպքում՝ երկրորդ Սասուն դեռ տեսանելի չէ: