Այս օրերին ՀՀ քաղաքական դաշտի ուշադրությունը կենտրոնացած է Հրազդանի քաղաքապետի ընտրությունների վրա: Այս ընտրությունները յուրահատուկ են, քանի որ ունեն նաև «համապետական» նշանակություն: Այստեղ առաջին անգամ իրեն դրսևորելու հնարավորություն կստանա ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և նրանց հաջողել-չհաջողելուց շատ բան է կախված:
Գործընթացի հենց սկզբից ՔՊ-ն խնդիրներ ունեցավ այնտեղ, որտեղ թվում էր, թե պետք է ամեն ինչ նորմալ լինի: Օրեր առաջ ՀԱԿ-ը մերժեց Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ հանձնաժողովի իրենց տեղերը տրամադրել ՔՊ-ին՝ պատճառաբանելով, որ իրենց մոտ ևս կան անաչառ մարդիկ և որևէ խնդիր չի առաջանա ընտրությունների ընթացքում: Այսօր էլ ՔՊ վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ն աջակցում է իշխանությանը ԸՕ նախագծի ընդունման հարցում: Իհարկե նա իր ասածը մեկնաբանում է ՀԱԿ-ի՝ իշխանությունների հետ բանակցելու առաջարկով, բայց ակնհայտ է, որ սա ուղղակի ՔՊ-ի «նեղացած» պատասխանն է մերժվելուց հետո: Նրանց այս քայլն, իհարկե, բավականին անլուրջ է, քանի որ ոչ վաղ անցյալում նրանք ՀԱԿ-ին էին մեղադրում ռադիկալ լինելու և «ով մեր հետ չէ, մեր դեմ է» սկզբունքով առաջնորդվելու համար, իսկ այսօր արդեն իրենք են նույն բանն անում:
Փաստացի ստացվում է, որ անգամ մեր երկրում, որտեղ մեծ է դժգոհությունը իշխանության նկատմամբ, ընդդիմադիր ուժերը չեն կարողանում համախմբվել անգամ այսպիսի փոքր խնդիրների շուրջ: Այո, ՀԱԿ-ը կարող էր աջակցել ՔՊ-ին, բայց եթե չի աջակցել, դա չի նշանակում, որ ծառայում է իշխանությանը, նամանավանդ, որ դեռ պարզ չէ ՀԱԿ-ի առաջարկի ճակատագիրը: