Քաղաքական դաշտում տեղի են ունենում որոշակի գործընթացներ, որոնք նոր փոփոխություններ են խոստանում: Բացի կուսակցությունների ներսում որոշակի «կրճատումներից», նոր քաղաքական կառույցների ձևավորվելուց, 2017-ին ընդառաջ ուժերը պատրաստվում են դիմակայել նոր մարտահրավերներին:
Որպես խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «ռազմինկա»՝ Քաղաքացիական պայմանագիրը ներգրավվել է Հրազդանի քաղաքապետի ընտրություններում:
ՏԻՄ ընտրություններ այս տարիների ընթացքում շատ են եղել, սակայն այս մեկը տարբերվում է մնացածից նրանով, որ աջակցություն կա նաև Երևանից՝ հանրապետական թեկնածուին աջակցում է Մելիք Ադամյան 2-ը, Սասուն Միքայելյանին Նիկոլ Փաշինյանի թիմը:
Հարցն այստեղ այլ հարթության մեջ է: Ինչու՞ է Քաղաքացիական պայմանագիրը մնացել մենակ և ինչո՞ւ նրանց չեն աջակցում ընդիմադիր գործընկերները: ՀԱԿ-ը մերժեց ՔՊ-ի խնդրանքը հանձնաժողովի անդամների տեղերը հատկացնելու թեմայով: Կոնգրեսականները առաջ են տանում այն վարկածը, թե իրենք ՔՊ-ականներից վատ չեն պայքարի տեղամասերում: Ապրիլի 17-ին ՀԱԿ-ի հանձանժողովականները հաջողություն կգրանցեն, թե ոչ դա հարցի 2-րդ կողմն է, սակայն փաստը մնում է փաստ, որ աջակցություն այս ճամբարից չեղավ:
Հայկական վերածնունդը ՔՊ-ին չաջակցելը լեգիտիմացնելու համար ի՞նչ արեց, պարզապես քաղաքապետի մի թեկանծու նշանակեց Հրազդանում, որին 15 հոգուց ավել դժվար ճանաչեն: Կարո՞ղ էր իր ռեսուրսներով օգնել ընդիմադիր գործընկերոջը Հրազդանում, իհարկե կարող էր:
Ժառանգության մասին խոսելն ավելորդ եմ համարում, եթե ցանկություն էլ ունենային չէին կարողանալու լուրջ աջակցություն ցուցաբերել Սասուն Միքայելյանին:
Փաստացի միայնակ մնացած Քաղաքացիական պայմանագիրը պարտավոր է իր ներուժի մաքսիմալով լծվել գործին: Եթե Սասուն Միքայելյանը պարտվի, կարելի է ասել, որ ՔՊ-ի դարակազմիկ թեզերը, ինստիտուցիոնալ ընդիմության վերաբերյալ, հօդս են ցնդում, որը լուրջ հարված է վերջիններիս հեղինակությանը 2017-ին ընդառաջ:
Պարտության դեպքում կանխատեսելի է, որ ՔՊ-ն կմեղադրի ընդիմադիր մյուս գործիչներին: Մեղադրանքը կլինի տեղին, թե անտեղի այլ հարց է, սակայն խնդիրը նրանում է, որ կունենանք նորից չհամախմբված, իրար վրա տակառ գլորող ընդիմադիր ճակատ: