Այսօրվա պես հիշում եմ թղթին հանձնված առաջին տողերս: Տաս տարեկան էի, ընկերոջս հետ գնացել էի մեր այգի՝ թրթնջուկ ուտելու: Կտրված ծառի բնին փաթաթված հսկա օձ տեսա: Վախից լեզուս կապ ընկավ. տեղում քարացած՝ ես գոռում էի, ընկերոջս զգուշացնում օձի մասին, բայց իրականում ոչ մի ձայն դուրս չէր գալիս կոկորդիցս։ Ի վերջո մի կերպ նրան ժեստերով ցույց տվեցի օձը: Նա սամումի արագությամբ փախավ; Դա ուժ տվեց ոտքերիս, ու ես էլ փախա: Ուղիղ երեք կիլոմետր գլխապատառ փախանք, ասես օձը գալու էր մեր ետևից:
Մի քանի օր անց, առավոտյան ելա անկողնուց, դեմս ճերմակ թուղթ դրեցի ու սկսեցի գրել այդ դեպքի մասին:
Շատ տարիներ հետո Ֆազիլ Իսկանդերից իմացա, որ բավական է մի անգամ նստես ճերմակ թղթի դեմ, ու աներևույթ ինչ-ինչ ուժեր ողջ կյանքիդ ընթացքում օձիքիցդ բռնած, քեզ հարկադրաբար կնստեցնեն ճերմակ թղթի դեմ, որպեսզի գրառես իրենց հուշումները՝ երբեմն անգամ չհասկանալով գրածդ...
-----
ՄԵԳԻՐԱ
Ա.ՊԵՊԱՆՅԱՆ
Քաղաքական-սրբազնագիտական վիպակ
հատված

... Մի թեք լանջ պատահեց նրանց: Մեգիրան, որ դժվարանում էր քայլել, ետ ընկավ: Իսկ Րան ելնում էր լանջն ի վեր այնպես հանգիստ, ասես հարթ ճանապարհ էր ոտքերի տակ: Մեկ էլ երկիրը հանկարծ սկսեց պտտվել հետզհետե ահագնացող արագությամբ: Մեգիրան, որպեսզի չտապալվեր, իջավ ծնկների վրա ու ձեռքերով հենվեց գետնին: Բայց դա բավարար չէր և նա պտույտից ուր որ է կշրջվեր կողքի ու կգալարվեր լանջն ի վար:
Մեգիրան պառկեց գետնին, սոսկումից դեմքը հպեց հողին ու ձեռքերը տարածեց, որպես հենարան:
Այլևս գալարվելու վտանգ չկար, և նա փնտրեց Րային: Ու ապշեց տեսածից. Րան, ողջ հասակով բլրի գագաթին կանգնած` ձեռքերը կարկառել էր վեր ու պտտվում էր երկրի հետ համընթաց: Ասես ահռելիորեն մեծ պտույտն իր վրա չէր ազդում:
Մեգիրան նկատեց, որ ամպերը երկրի հետ չեն պտտվում, կարծես մեխված լինեին աստղերին:
Ներքին մի ձայն նրան հանկարծ հուշեց, որ դա հենց Րան է երկիրը պտտում, ու այդ միջոցին նրան թվաց, թե Րան վեց ձեռք ուներ երկուսի փոխարեն:

Երբ երկիրը դադարեց պտտվել, Մեգիրան, դեռևս զգուշանալով, դանդաղ ոտքի ելավ ու օրորվելով` առաջ գնաց: Րան արձանացել էր, ձեռքերը, բայց արդեն երկու, վեր պարզած:
ՙԽաբկանք տեսիլ էր՚,- մտածեց Մեգիրան:
Հասնելով Րային` Մեգիրան տեսավ, որ նա ամենևին բլրի գագաթին չի գտնվում, և այդտեղից սկսվում է ընդարձակ մի հարթավայր:
Հեռվում երևում էր ծանոթ սարը: Ուշադիր նայելով` Մեգիրան հանկարծ պարզեց, որ այն ոչ թե լեռ, այլ բուրգ լինի ասես: Բուրգից հուր էր ելնում:
Նրանք առաջացան ծնկահաս խոտերի միջով:
Մեկ էլ Նուրծ Րան կանգ առավ այնպես կտրուկ, ասես թե նրա առջև դժվարանցանելի մի պատնեշ լիներ: Եվ իսկապես, Րան մի ոտքը լայն քայլով առաջ դրեց այնպիսի զգուշությամբ, ասես անտեսանելի մի խոր ջրափոս էր հաղթահարում, և առաջացավ մի տեսակ դանդաղ, կարծես դիմացից ետ էին հրում նրան:
Հետո նա ուշադրությամբ նայեց Մեգիրային:
Աղջիկը նրա հայացքից կռահեց, որ անբացատրելի մի իրականության մեջ է ակամա հայտնվել, և ջանաց իրեն տրամադրել սպասվող անիմանալի փորձությանը: Եվ զգուշորեն քայլեց դեպի Րան:
Ու երբ հասավ ճիշտ այն նույն տեղին, ուր Րան տարօրինակ էր իրեն պահել, հանկարծ կրծքին դիմադրություն զգաց. կարծես թե առջևում եթերը խտացել ու կաշկանդում էր նրան:

- Ի՞նչ է սա,-ահաբեկված ու զարմացած հարցրեց Մեգիրան` ետ ցատկելով:
Րան, որ հանդիսատեսի հետաքրքրությամբ հետևում էր նրա շարժումներին, պարզաբանեց.
- Դու հաղթահարում ես Համաշխարհային Հակադրության Գիծը:
Այդ բառերը Մեգիրային ոչինչ չասացին, բայց և դրանք լսելով` նրան էլ ավելի մեծ ահաբեկում և զարմանք տիրեց: Իսկ Րան հարկ չհամարեց ավելին ասել ու բավարարվեց քաջալերելով.
-Մի՛ երկյուղիր, փորձի՛ր և քեզ կհաջողվի:
Մեգիրան ոտքերով ամուր հենվելով գետնին` թեքվեց առաջ, ասես հզոր մի քամի էր իրեն դիմակայում, և դանդաղ ու մանր քայլերով ջանաց գնալ դեպի Րան:
Րան, նրանից թաքցնելով իր անհանգստությունը, համակ ուշադրությամբ հետևում էր Մեգիրայի շարժումներին:
- Անտեսանելի մի ուժ կաշկանդում է ինձ, Րա,- տրտնջաց Մեգիրան և ձեռքը պարզեց դեպի նա:
Րան, արձանի պես քարացած, նայում էր աղջկան: Մեգիրան հասկացավ, որ նա իրեն օգնելու իրավունք չունի:
Երբ նա, ի վերջո, հաղթահարեց արգելքը, Րան ծնկի եկավ, ձեռքերը կարկառեց վեր ու անձայն աղոթք մրմնջաց:
Շունչը տեղը բերելով` Մեգիրան հանկարծ հայտնաբերեց, որ տարօրինակ ու անբացատրելի զգացումներ են իրեն համակում, որ միտքը սկսում է գործել շատ ավելի դանդաղ, քան մինչ այդ էր. կարծես սառեցրած լինեին ուղեղը միանգամից: Նա նաև մարմնական թեթևություն զգաց ու փորձարկելու համար այդ զգացողությունը` ցատկեց վեր մի փոքր: Ապշեց` տեսնելով, որ ինքը թռչկոտում է ռետինե գնդակի նման:
Նա ետ նայեց եկած ճանապարհով և ոլորուն մի գիծ տեսավ, որ հարթավայրը բաժանում էր երկու մասի: Այդ գիծը մինչ այդ նրան չէր երևացել:
-Սա…,- նա մոռացավ Նուրծ Րայի ասածը:
- Այո,- հաստատեց Րան, որ դժվարանում էր զսպել բերկրանքը,- այն, ինչ տեսնում ես հիմա, Համաշխարհային Հակադրության Գիծն է, որը երկրի սովորական հատվածը բաժանում է հիմա մեզանից:
Մեգիրան նայեց շուրջը և զարմանքով նկատեց, որ այլ գույներ են երևում իրեն. խոտի կանաչը այլ է, ավազի դեղնությունը, կակաչի կարմրությունը` նույնպես. բոլոր գույների մեջ առկայծում էր արծաթի երանգը:
- Սա արտասովոր վա՞յր է,-հարցրեց:
Րան քմծիծաղեց.
- Մեղմ ասացիր` արտասովոր: Սա երկրի Գլուխն է, իսկ այն լեռները երկրի ուղեղի ծալքերն են: Սա մի վայր է, ուր որոշվում է ինչպես մարդկանց, նույնպես էլ` ազգերի և երկրի ճակատագիրը: Բավական է որևէ ազգից ներկայացուցիչներ հայտնվեն այստեղ, ու նրանց վերադարձից հետո, նրանց ձեռք բերած նոր հատկությունների շնորհիվ` ազգն այդ ապրում է մեծ վերելք: Մարդկանց համար մինչ այսօր անհասկանալի է չսպասված այդ վերելքների պատճառը, քանի որ նրանք չգիտեն Համաշխարհային Հակադրության Գծի մասին:
- Իսկ ի՞նչ է կատարվում այստեղ հայտնված մարդու հետ:
- Ինչպե՞ս ասեմ, որ պարզ լինի քեզ,- Րան մտորեց ասելիքի վրա:- Մեզանից յուրաքանչյուրը ունի հոգի և ոգի, որ միացված են մեր գլխավոր հայրենիքին` Այն Իրականությանը, և մեզանից յուրաքանչյուրը ունի միանման հնարավորություն` օգտվելու հավերժական գիտելիքներից: Ունի, բայց չգիտի այդ մասին և կամ որոնումների մեջ չէ բոլորովին: Իսկ այստեղ մի հատուկ դաշտ է գործում, որը խթանում է մարդու ուղեղի` նրա կողմից չօգտագործվող հատվածը: Եվ մարդն առնչություն է սկսում ունենալ Այն Իրականության աշխարհի գերհզոր ուժերի հետ:

- Շատե՞րն են եղել այստեղ,- հարցրեց Մեգիրան:
- Քչերը: Բայց դա բավական է եղել` աշխարհը քանի անգամ վերափոխելու համար: Վերջինն այստեղ եղել են նամրեգները:
Մեգիրան գլուխը տարուբերեց կարևոր խնդրի պատասխան ստացած մարդու նման:
- Կարո՞ղ ես ենթադրել, թե ովքե՞ր են առաջինը եղել այստեղ,- հարցրեց Րան:
Մեգիրան հետաքրքրությամբ նայեց նրան:
- Յահերը:
- Մի՞թե:
- Այո՛, բայց դա շա~տ վաղուց էր:
- Բայց նրանց այսօրվա վիճակը...
-Նրանք պարզապես մոռացել են, որ եղել են այստեղ: Ու եթե մտաբերե~ն հանկարծ և մոռացված իրենց հիշողությունից դուրս բերե~ն այստեղից տարվածը......
- Բայց նրանք քաղաքակիրթ չեն ամենևին և նրանց ներկան ասես վայրենի մի շրջան լինի:
- Ինչ-որ տեղ դա լավ է: Ներկա քաղաքակրթության իմաստը նյութական բարեկեցության ապահովումն է: Քանի որ յահերը պատմության լուսանցքում են եղել, ներկա քաղաքակրթության էությունը չի թափանցել նրանց արյան մեջ: Ճիշտ է, նրանք մի քիչ բիրտ են դարձել, բայց դեռ հույս կա նրանցից ստանալ հին, մոռացված քաղաքակրթությունը, որի իմաստը հոգևոր զարգացում ապահովելն էր: Յահերը պիտի կարողանան հիշել, թե ինչպիսին են եղել շատ հնում:
-Իսկ ինչպիսի՞ն են եղել:
-Օտարները նրանց երկիրը կոչում էին աստվածային օրենքների երկիր:
- Նրանք առնչվե՞լ են ատլանտների հետ:
- Հապա նրանց էպո՞սը...:
Աղմուկի ձայն հասավ նրանց: Շատ հեռվում, ուր սահուն սապատներով սարեր էին, սև ձյուն էր գալիս ու կայծակի հետ քարեդարյան կացիններ էին ընկնում ցած:
Մեգիրան ակնապիշ նայում էր արտառոց այդ երևույթին:
- Այստեղ Ժամանակ չկա,- ասաց Րան` կռահելով նրա մտորումների ուղղությունը:
-Իսկ ի՞նչ է գտնվում սարերի թիկունքում,- հարցրեց Մեգիրան, որ ձեռքը ճակատին էր դրել` տեսողությունն ավելի սուր դարձնելու համար,-խորհրդավորություն եմ զգում մի անբացատրելի:
Նուրծ Րան հիացմունքով նայեց նրան և ասաց.
-Այնտեղ Համաշխարհային Հենման Կետն է, որ կենտրոնն է այս տարածքի: Նա, ով գնա այնտեղ և հաջողությամբ ետ դառնա, հազար տարով կփոխի կյանքը երկրի վրա:
-Գնա՛նք այնտեղ,-առաջարկեց Մեգիրան պատրաստակամ:
-Կինն այնտեղ հասնել չի կարող:
Մեգիրայի դեմքին տրտմություն իջավ:
- Այդ դեպքում գուցե ի՞նքդ... Չէ՞ որ մենք եկել-հասել ենք այստեղ:
-Ո՛չ, Մեգիրա. ե՛ս չէ, որ պիտի գնամ այնտեղ,- առարկեց Րան: - Իմ խնդիրն այլ է:
Մեգիրան հմայվածի պես ետ և առաջ էր քայլում` հայացքը խոտերին դարձրած: Նա ինչ-որ բան էր որոնում:
- Բայց տե՛ս, Րա, այստեղ դեպի սարերը տանող թարմ մի ոտնահետք կա, մեն-միայնակ մի մարդու,- կանչեց նա հանկարծ:- Տե՛ս, խոտերը տրորված են, և ո՛չ շատ վաղուց:
Մեգիրան Րայի արձագանքից հասկացավ, որ իր ասածն ամենևին նորություն չէր նրա համար:
- Տե՛ս, տե՛ս, Րա, այստեղ ետդարձի ոտնահետք էլ կա. նա բարեհաջող ետ է դարձել:
Մեգիրան ծնկի եկավ և ափով քնքշորեն շոյում էր տրորված խոտերը:
- Եվ ի՞նչ է սպասվում, Րա, մի նոր ազգի մեծ վերե՞լք: Եվ ո՞ր ազգն է դա:
Րան դեմքի մի արտահայտություն ունեցավ, որից կարելի էր ենթադրել, որ նա չէր ցանկանա լսել այդ հարցը:
Բայց Մեգիրան հանգիստ չէր տալիս նրան:
-Դե, ասա՛, Րա, մի նոր ազգի վերե՞լք է սպասվում,- հարցրեց նորից:
- Այնտեղից վերադարձողն այլևս որևէ ազգի չի պատկանում:
Մեգիրային անհասկալի էր նրա պատասխանը.
-Այնտեղից վերջերս վերադարձող է եղել ու հիմա նա մարդկանց մեջ է: Ուրեմն ճակատագրական դեպքեր են սպասվում երկրի վրա, այդպե՞ս չէ:
-Ճակատագրական դեպքերի համար միայն նրա վերադարձն այս անգամ բավարար չէ,- հառաչանքով ասաց Րան` նայելով Մեգիրայի աչքերի մեջ:
Նրա խոսքից Մեգիրան դարձավ մտախոհ, զննող հայացքով նայեց շուրջը ու հարցրեց.
- Բայց ես, Րա, ե՛ս ինչու՞ եմ այստեղ, հանուն ո՞ր նպատակի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել