Iravaban.net–ը գրում է.
Ստորև ներկայացնում ենք սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգը.
«Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած անձանց մասին» ՀՀ օրենքի համաձայն` օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2015 թվականի մայիսի 1ն ընկած ժամանակահատվածը և տարածվում է այդ ընթացքում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները՝ 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (անձանց) վրա:
ՀՀ կառավարության «Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած անձանց մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին թիվ 264–Ն որոշման համաձայն սահմանված է.
Սույն կարգով սահմանվում են սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների (այսուհետ` քաղաքացի) դիմումները ներկայացնելու, քննարկելու և դրանց պատասխանելու կարգն ու ժամանակացույցը:
Սույն կարգի համաձայն քաղաքացին կամ նրա օրինական ներկայացուցիչը դիմում է ներկայացնում այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է: Օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացին դիմումը կարող է ներկայացնել տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայություն կամ հյուպատոսական հիմնարկ (այսուհետ` դիվանագիտական մարմին), որը սահմանված կարգով գրանցում է դիմումը և ուղարկում համապատասխան զինվորական կոմիսարիատ:
Քաղաքացու դիմումը պետք է լինի ստորագրված, նշվի ներկայացնելու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և ներառի քաղաքացու մասին հետևյալ տեղեկությունները`
ա) ազգանունը, անունը և հայրանունը,
բ) քաղաքացիությունը,
գ) Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում բնակության (հաշվառման) վայրը,
դ) պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու ժամանակահատվածը և պատճառները:
Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
ա) ծննդյան վկայականի և անձնագրի պատճենները,
բ) բնակության (հաշվառման) վայրի մասին տեղեկանք,
գ) ընտանիքի կազմի մասին տեղեկանք,
դ) պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետում ստանալու իրավունք տվող հիմքերը:
Լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում պահանջող դիմումների դեպքում հանրապետական և միջգերատեսչական հանձնաժողովները կարող են պահանջել այլ անհրաժեշտ փաստաթղթեր:
Միջգերատեսչական հանձնաժողովն ստացված դիմումները քննարկում է 15օրյա ժամկետում: Լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում պահանջող դիմումները քննարկվում են մեկ ամսվա ընթացքում: Եթե դիմում ներկայացրած քաղաքացու անձնական գործը գտնվում է դատախազությունում, ապա միջգերատեսչական հանձնաժողովը պահանջում է այն:
Միջգերատեսչական հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի ձևով: Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Քաղաքացու դիմումի քննարկման արդյունքում որոշումն ընդունվում է նիստին ներկա` հանձնաժողովի անդամների ձայների 2/3ի դեպքում: Ընդունված որոշումը և մյուս փաստաթղթերը եռօրյա ժամկետում ներկայացվում են հանրապետական հանձնաժողով:
Հանրապետական հանձնաժողովը մեկամսյա ժամկետում քննարկում է ներկայացված փաստաթղթերը: Հանրապետական հանձնաժողովը միջգերատեսչական հանձնաժողովի ընդունած որոշմանը չհամաձայնելու դեպքում գործն ուղարկում է լրացուցիչ քննարկման:
Քաղաքացու դիմումը քննարկելու և դրան պատասխանելու ժամկետը չի կարող գերազանցել 2 ամիսը:
Քաղաքացու դիմումի վերաբերյալ բացասական որոշում ընդունվելու դեպքում դիմումատուին ուղարկվում է պատասխան գրություն, որում նշվում են դիմումի մերժման հիմքերը:
Քաղաքացու դիմումի վերաբերյալ դրական որոշում ընդունվելու դեպքում դիմումատուին ուղարկվում է պատասխան գրություն, որում նշվում են օրենքով սահմանված վճարը մուծելու համար բանկային հաշվի համարը և վճարը մուծելու վերջնական ժամկետը: Պատասխան գրությունում նշված ժամկետում վճարը չմուծելու դեպքում վճարը չի ընդունվում: Քաղաքացին սահմանված ժամկետում վճարի մուծումը հավաստող անդորրագիրը ներկայացնում է միջգերատեսչական հանձնաժողով:
Ուշադրություն. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին օրենքի խախտմամբ չներկայանալու պահից սկսած՝ յուրաքանչյուր չզորակոչված (խուսափած) զորակոչը դիմաց կարող են մուծել վճար` հետևյալ դրույքաչափով.
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և 27 տարին լրացած զինապարտ քաղաքացիները-նվազագույն աշխատավարձի 100ապատիկի չափով