Մի կողմ դնենք մուրացկաններին, ովքեր առանց ամոթի ու խղճի խայթի կարող են տեսախցիկների առաջ նսեմանալ ամեն կերպ, հերոսացնել վերջին տականքին ու կորցնել մարդկային կերպարանքի վերջին նշույլներն իսկ։
Մի կողմ դնենք Եռաբլուր այցելող իշխանավորներին ու բարձրաստիճան պետական այրերին, որոնցից շատերն իրենց պաշտոնավարման ընթացքում հասցրել են ուրանալ ու ոտնատակ տալ այն ամենը, ինչի համար արյուն են թափել ու հայրենիքի զոհասեղանին իրենց կյանքն են դրել Եռաբլուրում հանգչող տղաները։
Եկեք խոսենք Եռաբլուր այցելող լրագրողների մոտ արդեն թրենդ դարձած վարվելակերպի ու էթիկետի (ճիշտ կլինի ասել՝ դրա իսպառ բացակայության մասին)։ Այն, ինչ անում են լրագրողներն էլ չէ, լրագրող աշխատող կերպարները, ես անվանում եմ վուլգար լրագրություն։ Ագրեսիա, անդաստիարակություն ու լրագրողական էթիկայի կոպիտ խախտումներ։ Տպավորություն է, թե իրար մեջ մրցում են, թե ով ավելի վիրավորական հարց կամ ակնարկ կանի այս կամ այն պաշտոնյային, ով այնպիսի իրավիճակ կկարողանա ստեղծել, որ պաշտոնյաներից մեկի նյարդերը տեղի տան, ու ինչ-որ բան ասի, որպեսզի դրանից րոպեներ անց այդ հոլովակը հայտնվի համացանցում, ու բոլորը քլունգներն առնեն ձեռքներն ու թափվեն ֆեյսբուք։
Պարոնա՛յք ու տիկնա՛յք եռաբլրային վուլգարներ։ Հասկանո՞ւմ եք արդյոք, որ զազրանք առաջացնելու տեսանկյունից դուք ոչնչով հետ չեք մնում ո՛չ այնտեղի մուրացկաններից, ո՛չ էլ այն այրերից, ում գնում եք սադրելու։ Չգիտե՞ք արդյոք, թե որտեղից է լրագրողի աշխատանքը վերածվում բեսեդայի զրույցի ու լաչառի ճղճղոցի։ Տեղյա՞կ եք արդյոք, որ սուր հարց տալը չի նշանակում ձեր սուբյեկտիվ դատողությունների, տեսակետի, կենսափորձի գերակայություն։ Դժվա՞ր է պահպանել պրոֆեսիոնալիզմը ծառայողական պարտականություններն իրականացնելիս։ Եթե ձեզ խեղդում է ձեր սուբյեկտիվիզմը, բարեխղճորեն կատարեք ձեր գործը, հետո եկեք ու ձեր բլոգում կամ էլ ֆեյսբուքյան էջում գրեք ձեր սուբյեկտիվ կարծիքն ու տեսությունը, և ում այն հետաքրքիր է՝ հրամցրեք նրան։ Սակայն երբ դուք լրագրողի կարգավիճակում կատարում եք լրագրողական աշխատանք, ինձ հետաքրքիր չէ, թե պայմանական Ֆահրադ Փայլակյանը կամ էլ Հարություն Խուճիկյանն ինչ սուբյեկտիվ կարծիք ու դիրքորոշում ունի, ինձ հետաքրքիր է նրանից ստանալ օբյեկտիվ, անաչառ ու անկողմնակալ լրատվություն։
Մի՛ վուլգարացրեք լրագրությունը, պարոնա՛յք ու տիկնա՛յք լրագրողներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել