Դեկտեմբերի 25-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Սբ. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակը, որը համարվում է նաև սարկավագների տոնը: 

Նախորդ օրը` երեկոյան ժամերգության ընթացքում, տեղի ունեցավ կիսասարկավագության, ուրարակրության և դպրության տվչության արարողություն: Գևորգյան հոգևոր ճեմարանի Դ լսարանի 18 սաների և քահանայից պատրաստության Բ լսարանի 7 ուսանողների շնորհվեց ուրարակրության աստիճան, իսկ ճեմարանի Բ լսարանի 10 սաների և քահանայից պատրաստության Ա և Բ լսարանների 11 ուսանողների` դպրության չորս աստիճանները: 

Տոնի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կատարեց Գևորգյան Հոգևոր ճեմարանի 33 սաների, ինչպես նաև Արարատյան Հայրապետական թեմի և Տավուշի թեմի երկու սպասավորների սարկավագական ձեռնադրությունը: 

Ձեռնադրությունից հետո Սրբազան Հայրը տոնի առթիվ շնորհավորեց նորընծաներին և Մայր Աթոռի սարկավագաց ողջ դասին: Անդրադառնալով սարկավագական կոչմանն ու ծառայությանըª Գևորգ Սրբազանը մասնավորաբար նշեց. «…Սարկավագությունը հոգևոր առաջին աստիճանն է, որ դուք այսօր ստացաք: Այն որոշակի պարտականություններ է ենթադրում, որ պիտի խոնարհաբար իրականացնեք: Բայց ամենակարևորը հիշեք, որ այդ պարտականություններն իրականացնելու միակ գրավականը հավատքն է ձեր կոչման հանդեպ, անկեղծությունը ձեր առաքելության նկատմամբ: …Ս. Ստեփանոսի նահատակության օրինակով սովորում ենք, թե ինչ է նշանակում լինել փոքրի մեջ հավատարիմ: Չլիներ նրա օրինակը, միգուցե շատ քրիստոնյաներ հետ կանգնեին իրենց հավատքից հալածանքների դաժանության վախից ազդված: Նա սովորեցնում է մեզ, որ կարևոր չէ, թե ինչ աստիճան ունես, կարևորը այն ոգին է, այն հավատքի անկեղծությունը, որը մղում է քեզ այդ հանձնառությանը: Ահա նրա կյանքի օրինակով ենք հասկանում Հիսուսի այն խոսքերը, որ ամենափոքրը ամենամեծն է: Ստեփանոսի ոգով պետք է ասպարեզ մտնեք, պատրաստ նույնիսկ նահատակվելու, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա: Իմ մաղթանքն է ձեզ, որ սիրով հանձն առնեք ձեր պարտականությունները, որպեսզի իրոք զգաք Քրիստոսի լուծի քաղցրությունը»: 

Ս. Պատարագից հետո Մայր Աթոռի բոլոր սարկավագներին և նորընծաներին հայրապետական իր օրհնությունը բաշխեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Շնորհավորելով սարկավագներին Ս. Ստեփանոսի տոնի առիթով՝ Վեհափառ Հայրապետը հորդորեց նրանց ամուր մնալ իրենց հավատքի մեջ, այն հավատքի, որ առաջնորդեց Ստեփանոս Նախասարկավագին նահատակության հանձնառության, որով և նա ամրացրեց Քրիստոսի Սուրբ Եկեղեցին: Նորին Սրբությունն ընդգծեց, որ հավատքը պայման է յուրաքանչյուր սպասավորի համար, նրա առաքելության ու ծառայության հաջողության համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց նաև, որ առանց հավատքի խորը գիտակցության և ապրումի հնարավոր չէ օգտակար սպասավորություն բերել, հոգևոր ասպարեզին հատուկ դժվարին ճանապարհով ընթանալ և հաղթահարել ծառայական կյանքի մարտահրավերները: «Մենք հուսալի հայացքով ենք նայում ձեզ, որ պիտի գաք, որպես ստեփանոսատիպ, նվիրյալ սպասավորներ Քրիստոսի Ս. Եկեղեցու, հավատքի գործերով զորացնեք մեր Եկեղեցին ու մեր ժողովրդի հավատը: …Հայցում ենք, որ Տերը ձեր կյանքը օրհնություն դարձնի մեր Եկեղեցու և ժողովրդի համար: Իսկ ձեր կյանքը կարող է օրհնություն դառնալ միայն նվիրյալ ծառայության դեպքում», - ասաց Վեհափառ Հայրապետը: Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց սարկավագաց դասին և նվերներ բաշխեց տոնի առիթով: 

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ունի 157 սարկավագներ, որոնցից 95-ը՝ միաբանության շարքերում, իսկ 62-ը՝ Գևորգյան հոգևոր ճեմարանում:



 

 

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել