Ալոճենու տերևները, ծաղիկները և պտուղները կարող են պայքարել սիրտ-անոթային քրոնիկական հիվանդությունների դեմ: Հնուց այս բույսն օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ` սրտի հիվանդությունները բուժելու նպատակով, սակայն այժմ ալոճենու բուժիչ հատկությունները հաստատվել են գիտական հետազոտություններով:
Գիտնականներն ավելի քան 800 կանանց և տղամարդկանց շրջանում հետազոտություններ են անցկացրել և համոզվել, որ ալոճենու պտուղները դրականորեն են անդրադառնում սրտի աշխատանքի և առողջության վրա: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ դրանք զգալիորեն նպաստում են շնչահեղձության և հոգնածության վերացմանը, կարգավորում արյան զարկերակային ճնշումը, լավացնում արյան շրջանառությունը և ընդհանուր ֆիզիկական ինքնազգացողությունը:
Ալոճենու պտուղների եփուկը նաև օգնում է իջեցնել արյան զարկերակային բարձր ճնշումը: Եփուկի պատրաստման եղանակը հետևյալն է. 20 գ պտուղներին 1 բաժակ ջուր ավելացնել, դնել կրակին և եռացնել 30 րոպե: Քամել, պտուղները պատառաքաղով տրորել` ավելացնելով 1 բաժակ եռացրած ջուր: Ընդունել օրը 3 անգամ` 1-ական ճաշի գդալ: