Nyut.am-ը գրում է.
Գյումրիում աօթևան ընտանիքների վերջին հաշվառումն իրականացվել է 2008թ. նոյեմբերին: «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանն անօթևանների 2 հիմնական խումբ է առանձնացնում` կան ընտանիքներ, որոնք ընդգրկված են պետության կողմից բնակարանների փոխհատուցման ծրագրում և ընտանիքներ, որոնք չեն համարվում երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած կամ չեն հաշվառվել տարբեր պատճառներով, օրինակ` չեն կարողացել փաստաթղթերը հավաքել. «Նմանատիպ շուրջ երեք հազար ընտանիք ունենք, որ տնակային ավաններում, դոմիկներում, կիսախարխուլ շենքերում և այլ վայրերում է ապրում»,- մեզ հետ զրույցում նշեց նա` հավելելով, որ ևս 220 ընտանիք հաջորդ տարի բնակարանի գնման իրավունք է ստանալու, իսկ չհաշվառված 2700 ընտանիք` մոտ 10 հազար մարդ, պետք է ինքնուրույն տեսնի իր գլխի ճարը:
Վ. Թումասյանի խոսքով, երբ պաշտոնատար անձիք հայտարարում են այն մասին, որ մի քանի տարի հետո կավարտեն աղետի գոտու ծրագիրը, հաշվառված ընտանիքներին բնակարաններով ապահովելը նկատի ունեն:
«Օրինակ` մեր կենտրոնի ջանքերով մոտ 40 ընտանիք տարբեր ֆոնդերի աջակցությամբ ապահովվել է բնակարանով: Կան նաև քիչ թվով հովանավորներ, որոնք ամենածայրահեղ վիճակում գտնվող ընտանքիներին են բնակարան տրամադրում, բայց դա շատ քիչ է: Աղետի գոտու վերականգնումը և բնակարանների տրամադրումը պետք է լինի մի քանի ուղղություններով: Սկսած Գորբաչովից, բոլոր իշխանությունները միշտ խոստումներ են տվել, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք»,- նշեց զրուցակիցս` ընդգծելով, որ Հայաստանը կարելի է գրանցել Գինեսի ռեկորդների գրքում` որպես աղետի հետևանքների վերացման ամենաերկարաժամկետ ծրագիր ունեցող երկիր. «27 տարի շարունակ իշխանությունները փոխվում են, բայց աղետի գոտու վերականգնման ծրագիրը ձգձգվում է, և եթե այսպես շարունակվի, եթե քաղաքական կամք, համայն հայության ուժերի մոբիլիզացում տեղի չունենա, առաջիկա 50-60 տարում այդ խնդիրն արդիական է լինելու»:
27 տարի է անցել 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժիչ, բայց վերքերը դեռ թարմ են, որովհետև, Վ. Թումասյանի խոսքով, հետևանքները չեն վերացվել. «Եթե մենք ամեն օր տնակային ավաններ, անօթևան ընտանքներ, կիսախարխուլ տներ, փլատակներ ենք տեսնում, ուրեմն ամեն օր դեկտեմբերի 7-ն է ու 8 չի դառնալու. վերքերը չեն սպիանում, որովհետև ամեն օր վերքի վրա աղ է լցվում»,- ասաց նա` հավելելով, որ եթե նույնիսկ բոլոր անօթևաններին բնակարաններով ապահովենք, խնդիրը դեռևս չի լուծվելու, որովհետև քաղաքը նաև մշակութային վայրերն են, կանաչ տարածքները, աշխատող մարդիկ. «Այս ծայրահեղ աղքատության պայմաններում ինչի՞ մասին է խոսքը: Մենք կարծես երկու քաղաք ունենք` մեկը այն Գյումրին է, որտեղ էլի կա աղքատություն, բայց ծայրահեղ աստիճանի չէ, որը միջազգային չեմպիոններ, մշակութային փայլուն դեմքեր է տալիս և մյուս` տնակային ավաններով Գյումրին, որտեղ մարդիկ ինքնամեկուսացած կյանքով են ապրում` ամենադժբախտ թշվառության մեջ, որտեղ տարրական պայմաններ չկան երեխաների դաստիարակության համար, փոխարենը կան վաղաժամ ամուսնություններ, քայքայված ընտանիքներ…»:
Վ. Թումասյանի խոսքով, այդ մարդիկ միշտ էլ իրենց մարմնի վրա կրելու են այդ վերքերը, բայց նրանց գոնե սոցիալական խնդիրները պետք է լուծվեն. «Այդ մարդիկ հոգեբանությամբ «բոմժ» չեն: Իհարկե, անտուններ ամբողջ աշխարհում էլ կան, բայց այս մարդիկ աղետի հետևանքով են իրենց ունեցվածքը կորցրել. նրանց մի մասը կարողացել է դրությունից դուրս գալ նաև պետական աջակցության շնորհիվ, մյուս մասն էլ տարբեր պատճառներով չի կարողացել, բայց երբ բարեկեցիկ պայմաններ են ապահովվում նրանց համար, նրանք շատ արագ ինտեգրվում են այդ պայմաններին»,- հավաստիացրեց զրուցակիցս` ընդգծելով, որ երբ Մուշ թաղամասում անօթևաններին բնակարաններով ապահովեցին, շատերն իրեն ասել են, որ տնակային հոգեբանությունը տեղափոխվելու է Մուշ. «Հիմա մտե´ք այդ բնակարաններ, կտեսնեք, որ կարծես այդ մարդիկ 100 տարի այդտեղ են ապրել և երբեք էլ ողբերգություն չեն ապրել, որովետև նրանք հոգեբանությամբ անօթևան չեն»:
Անի Ռափյան
Նյութի աղբյուր՝ http://nyut.am/?p=96633&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել