Չգիտեմ՝ Լիսկան տեռորիստ է, թե՝ ոչ, բայց որ իշխանությունների նկատմամբ գլխավոր դիվերսիաներ անողն է՝ հաստատ։ Ու իսկապես, այս մարդը ֆանտաստիկ տաղանդ ունի ամենաանհարմար պահին հնարավորինս տհաճ անակնկալ մատուցելու հասարակությանն ու ժողովրդին։
Վերցնենք թեկուզ դրա որդյակի պաշտոնի նշանակման մասին այսօրվա լուրը։ Հասարակությունը եռ է գալիս՝ քննարկելով, թե որքանով էր արդարացված ԱԱԾ-ի ու Ոստիկանության համատեղ գործողությունն ինչ-որ «Հայոց վահան» կազմակերպության անդմաների նկատմամբ, ու հիմա բուռն քննարկում են, թե արդյո՞ք նրանք ահաբեկիչներ են, դրան զուգահեռ անակնկալ պարզում ենք, որ Տիգրան Խաչատրյանը, ով անթիվ-անհամար հանցանքներ ու օրինախախտություններ ունի իր երիտասարդ ուսերի հետևում, նշանակվել է պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում։
Մարդու մոտ տարակուսանք է առաջանում, թե Լիսկայի ուզածն ի՞նչ է։ Կամ այս մարդն այնքան անուղեղ է, որ հաշիվ չի տալիս իր գործողություններին ու դրանց հետևանքներին ոչ միայն իր, այլև գործող իշխանությունների համար, կամ էլ նա ընդդիմության գլխավոր դիվերսանտն է իշխանական շարքերում, որովհետև դժվար է մտաբերել գործող մեկ այլ պաշտոնյայի ու իշխանական վերնախավի ներկայացուցչի, ով այսպիսի հետևողականությամբ թեժացնի ժողովրդի ցասումն ու դժգոհությունը գործող իշխանությունների հանդեպ։ Ես, իրոք, արդեն չեմ հասկանում, թե Սուրիկ Խաչատրյանն իշխանությունների ինչին է պետք, ու ինչու է նա այդքան անփոխարինելի, որովհետև մի բանում կարելի է վստահ լինել. Լիսկայի բերած ոչ մի օգուտ այս իշխանությունների համար չի կոմպենսացնում նրա բերած վնասը նույն իշխանություններին։