Ակնհայտ է, որ այս քվերակությունը լինելու է աննախադեպ լցոնումներով ու ընտրակեղծարարությամբ զուգորդված, որովհետև մի կողմից այլևս չկա լուրջ ընդդիմության տեսքով ներկայացված զսպաշապիկը, ինչպես դա ԲՀԿ-ի ընդդիմացման փուլում էր կամ էլ Րաֆֆի Հովհաննիսյանի փուչիկի տրաքելուց առաջ, իսկ մյուս կողմից արդեն իսկ ակնհայտ է, որ միջազգային հանրություն ասվածն աչք է փակելու կեղծարարության վրա, եթե, իհարկե, բանը չհասնի բախումների ու իրոք զանգվածային ռեպրեսիաների, որովհետև հիմնական աղաղակողները սովորաբար լինում են եվրոպական կառույցների դիտորդները, իսկ մենք արդեն գիտենք, որ նոր սահմանադրությունը Եվրոպայի սրտով է։
Հետևաբար, ինչի՞ հետ եք գործ ունենալոու դեկտեմբերի 6-ին. իշխանությունները մաքսիմալ մոբիլիզացնելու են իրենց ադմինիստրատիվ բոլոր լծակները, միատեղելու են բոլոր օրինական ու ապօրինի հնարքները, որպեսզի հնարավորինս շատ թվով «մեռած հոգիներ» մասնակցեն քվեարկությանը, իսկ ընտրություններին մասնակցած ռեալ մարդկանց տեսակարար կշիռը շատ մեծ չլինի, որպեսզի այդ մեռած հոգիների ու ադմինիստրատիվ լծակների միջոցով մոբիլիզացված քվեներն ունենան ավելի մեծ տոկոսային արտահայտում ընդհանուր թվի մեջ։
Հիմա տեսեք, թե ինչումն է հնարքը։ Իշխանություններն արդեն հայտարարել են, որ Հայաստանում կա 2,5 միլիոն ընտրող։ Որպեսզի հանրաքվեն կայացած համարվի, ու «Այո»-ն հաղթի, պետք է դրական քվեարկի քվեարկությանը մասնակցած ընտրողների կեսից ավելին, ընդ որում, այդ թիվը չի կարող լինել պակաս, քան ընդհանուր ընտրազանգվածի 30 տոկոսը։ Այլ կերպ ասած, որպեսզի իշխանությունները հաղթեն, պետք է մոտավորապես 800,000 այո ստանան՝ պայմանով, որ քվերակությանը կմասնակցի իրենց նկարածով, լցոնածով, իրական մարդկանցով հանդերձ՝ 1,6 միլիոնի կարգի մարդ։
Հետևաբար, հանրաքվեն տապալելու միակ միջոցն ամբողջ ազգով դրան մասնակցելն է, որովհետև ադմինիստրատիվ ռեսուրսը, լցոնումները և այլն չեն կարող կես միլիոնից ավել ձայն ապահովել իշխանություններին, մնացածն արդեն իրոք պետք է գնան ու իրենց կամքով «Այո» քվեարկեն, ինչը շատ ավելի դժվար է արդեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել