Բարեկամներ, ես մենակ մի բան չեմ հասկանում. այդ ո՞նց է ստացվել, որ Եվրոպայի կողմից թելադրվող սահմանադրության դեմ ընդվզել են բոլոր արևմտամետ ուժերը։ Ինչ-որ տարօրինակություն չե՞ք նկատում դրանում։
Չէ՞ որ Վենետիկի հանձնաժողովը Սիսիանի քաղխորհուրդը չէ, այլ շատ լուրջ միջազգային կառույց է, և եթե նոր սահմանադրությունն ուղղակիորեն չբխեր Եվրոպայի շահերից, Վենետիկի հանձնաժողովը երբեք դրական եզրակացություն չէր տա դրան, որքան էլ Զուրաբյան Լևոնը բարբաջի Վենետիկի հանձնաժողովը կաշառելու մասին։ Դա ան-հը-նար է։ Հետևաբար, տրամաբանական է պնդելը, որ այս սահմանադրությունն այնքան է Եվրոպայի սրտով, որ նրանք նույնիսկ պատրաստ են հանդուրժել այն, որ Սերժ Սարգսյանը հավերժացնում է իր իշխանությունը։
Այդ պարագայում ինչպե՞ս է կարելի բացատրել, որ մեր քաղաքական դաշտի բոլոր արևմտամետ ուժերն ու ազդեցության գործակալները կոնսոլիդացված հանդես են գալիս մի բանի դեմ, որը ոչ միայն ստացել է Եվրոպայի դաբրոն, այլև ակնհայտ է, որ խիստ ցանկալի է Եվրոպայի համար։
Սա հնարավոր է միայն երկու պարագայում.
- կամ բոլոր այդ եվրոպամետները դուրս են եկել իրենց Արևմուտքի վերահսկողության տակից ու առհասարակ հակասում են քաղաքական այն կուրսին, որն ընտրել է Եվրոպան։
- կամ էլ սա շատ լավ բեմադրված թատրոն է ու ոչ ավել, քան սովորական ֆարս, որի միակ նպատակն է քաղաքական պայքարի իմիտացիա ստեղծել, Սահմանադրությունն անցկացնել ու հնարավոր պրոտեստային տրամադրությունները կոծկել։ Ինչ-ինչ, բայց էս վերջին բանում մեր ընդդիմությունն իսկական վիրտուոզության է հասել։