Նախատոնական եռուզեռն արդեն սկսված է, և ամենուր կարելի է զգալ Նոր տարվա շունչը: Քաղաքի որոշ հատվածներում անգամ տոնածառեր են տեղադրվել՝ էլ ավելի թեժացնելով տոնական մթնոլորտը: FashionYan.com-ը որոշեց հետ չմնալ նախատոնական տրամադրություններից և այսօր ներկայացնում է ամանորյա հրեշտակի պատրաստման հեշտ և մատչելի տարբերակ, որը կարող եք անել տանը՝ սեփական ձեռքերով:
Դրա համար ձեզ անհրաժեշտ է երկու հատ անձեռոցիկ, մկրատ, սոսինձ կամ կպչուն ժապավեն, մարմնագույն խոշոր ուլունք և ոսկեգույն կամ արծաթագույն ճկվող ժապավեն:
Վերցնում ենք անձեռոցիկներից մեկը, ծալում այն և ամրացնում եզրերը՝ կոնի տեսք տալով:
Այնուհետ կոնի մեջ ենք անցկացնում ժապավենը, որը պետք է իր մեջ մետաղյա բարակ ձող ունենա, այսինքն՝ լինի կանգուն, բայց միաժամանակ նաև ճկվող:
Ստացված կոնի գագաթին, որն իրականում մեր հրեշտակի մարմինն է, ամրացնում ենք ուլունքը:
Ապա ուլունքից դուրս եկող ժապավենի ավելացած մասին օղակի տեսք ենք հաղորդում:
Այնուհետ վերցնում ենք երկրորդ անձեռոցիկը, ծալում և մկրատի օգնությամբ երկու փոքրիկ անցք բացում մեջտեղի հատվածում:
Ապա նորից ծալում եզրերը, ինչպես ցուցադրված է լուսանկարում:
Անցքերի միջով նույնպես ժապավեն ենք անցկացնում:
Ապա երկրորդ անձեռոցիկը, որն, ինչպես հասկացաք, հրեշտակի թևերն են, ամրացնում ենք մարմնին:
Ավելացած ժապավենի եզրերն ամրացնում ենք միմյանց, և մեր տոնական հրեշտակը պատրաստ է: