Անցած տարի, երբ մի խումբ իսլամիստներ մուտք գործեցին ֆրանսիական «Շառլի Հեբդո» սկանդալային պարբերականի խմբագրություն ու գնդակահարեցին այնտեղի անձնակազմին, մի մեծ ալիք բարձրացավ, որը թութակավարի կրկնեցին նաև որոշ հայաստանյան գործիչներ։ Մարդիկ շապիկներ էին հագնում կամ էլ ֆեյսբուքյան պրոֆիլների նկարներին դնում էին «Je suis Charlie»՝ «Ես Շառլի եմ» գրություններ։ Դեռ այն ժամանակ շատերն արդարացիորեն նկատում էին, որ որքան էլ դատապարտելի լինի մարդասպանությունն ու հաշվեհարդարը, որքան էլ ոմանց սրտով լինի Ղուրանի ու Մուհամմեդ մարգարեի մասին ծաղրանկարներ հրապարակելու գաղափարը, բայց «Շառլի Հեբդոն», մեղմ ասած, վատ տղություններով միշտ է աչքի ընկել, ու ամենևին կարիք չկա մարդասպանությունը դատապարտելուց զատ նման կերպով աջակցություն հայտնել թեկուզ սպանված, բայց մարդկային տականքներին։
Դե հիմա տեսեք, թե ինչ նկարներ է հրաապարակել «Շառլի Հեբդո» պարբերականն իր վերջին համարում։ Դրանք տեղ են գտել պարբերականի վերջում՝ մերժված առաջին էջերի բաժնում։
Նկարներից մեկում պատկերված է իբր ԻՊ մարտիկ, ում գլխին ինքնաթիռի մասեր են թափվում, ու երևում է նաև ընկնող ուղևոր, իսկ գրությունն ասում է. «Ռուսաստանն ինտենսիվացնում է օդային հարվածները»...
Մեկ այլ նկարում, որը կարող էր դառնալ պարբերականի այս համարի շապիկը, կործանված ինքնաթիռի ֆոնին պատկերված է հավանաբար ռուս ուղևորի գանգ, և գրված է. «Ռուսական Low Cost-երի վտանգը» և «Պետք է Air Cocane ընկերությունով թռչեի»...
Սա հերթական ապացույցն է, որ ֆրանսիական այս պարբերականում ոչ մի սրբություն չունեն ու հագուրդ են տալիս մարդկային տականքների հիվանդ երևակայության բոլոր զազրելի արգասիքներին։ Եվ հաշվի առնելով այս ամենը՝ հետաքրքիր է իմանալ, որ այն մարդիկ, ովքեր անցած տարի իրենց շապիկներին ու ֆեյսբուքներում աղաղակում էին, որ իրենք էլ են Շառլի Հեբդո, դեռ այդ կարծիքի՞ն են մնում ու շարունակո՞ւմ են իրենց նույնականացնել նման սրբապիղծ տականքների հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: