Ցինկը կարևոր հանքանյութ է՝ հայտնի մաշկի տոնուսի լավացման ունակությամբ, վերքերի արագ ապաքինմամբ, այն նաև պայքարում է քաղցկեղի զարգացման դեմ և կրճատում մրսածության հիվանդությունների երկարատև ընթացքը:
Վերջերս կատարված հետազոտությունների արդյունքները նույնպես ապացուցել են, որ այս օգտակար նյութը լավացնում է հիշողությունը և նպաստում ճանաչողական գործառույթների լավ կատարմանը: Բացի այդ, գիտնականները փաստում են, որ ցինկը կարևոր դեր ունի էպիլեպտիկ նոպաների վերահսկողության առումով:
Իրենց կատարած հետազոտություններով գիտնականներն առաջին անգամ կարողացել են որոշել ցինկի ազդեցության մեխանիզմը` որպես օգտակար նյութի, որը կարգավորում է հիպոկամպի նեյրոնները՝ հիշողության լավացման առումով: Ցինկի պահանջի բավարար մակարդակի ապահովումը կարևոր քայլ է գլխուղեղի ճշգրիտ գործառնության համար և կարող է տարեց հասակում կանխարգելել ճանաչողական գործառույթների նվազումը:
Ցինկից զուրկ օրվա սննդակարգը նպաստում է ճանաչողական գործառույթների խանգարմանն ու հիշողության հետ խնդիրներ է առաջացնում:
Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որն ուղղված էր ցինկի ազդեցությանը գլխուղեղի գործառույթի ուսումնասիրման վրա:
Լաբորատոր մկների վրա փորձարկումների ընթացքում օգտագործվել է քիմիական նյութ, որը, միանալով ցինկին, այն դուրս է բերել կենդանիների գլխուղեղից: Գիտնականները նկատել են, որ հանքանյութի բացակայությունից նեյրոնների միջև կապը նշանակալիորեն կրճատվել է: Դրա հետ մեկտեղ հաստատվել է, որ ցինկը կենսականորեն անհրաժեշտ նշանակություն ունի հիպոկամպում նյարդային բջիջների արդյունավետ փոխազդեցության վերահսկման գործընթացում:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նյարդային բջիջներում (վեզիկուլներում) գտնվող ցինկի խտության բարձր մակարդակը նպաստում է դրանց միջև ազդանշանների փոխանցմանը: Հիպոկամպի նեյրոններում ցինկի առավել բարձր խտությունն օգնում է նորմալ մակարդակի վրա պահել սովորելու և հիշողության գործառույթները:
Լաբորատոր մկների գլխուղեղում ցինկի արհեստականորեն կարգավորվող մակարդակի շնորհիվ հետազոտողները կարողացել են հաստատել, որ վեզիկուլներից ցինկի հեռացումը նույնպես արգելակում է ազդանշանների փոխանցման լավացմանը: Հանքանյութի մակարդակի ավելացման դեպքում գիտնականներին հաջողվել է էականորեն վերականգնել հիպոկամպի հատվածում նեյրոնների միջև կապը:
Փորձամկների վրա անցկացված այս հետազոտության արդյունքները կարող են կիրառվել նաև մարդկանց վրա: Օրվա սննդակարգում ցինկի անբավարարությունը ներկայումս մեծ խնդիր է դարձել, ինչը վտանգավոր է առողջության համար:
Ցինկի անբավարարությունը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել իմունիտետի իջեցմանը, սեռական գործառույթների խանգարմանը, թուլամտության զարգացման ռիսկի բարձր մակարդակի և ճանաչողական ունակությունների նվազմանը: Ցինկի հիմնական սննդային աղբյուր է լյարդը, տավարի և ոչխարի միսը: Բուսակերներն այս միկրոտարրի ստացման համար սննդակարգում պետք է ներառեն ընկուզեղեն, արևածաղկի սերմեր, ոլոռ: Օրգանիզմում ցինկի մակարդակը պահելու, հիշողության, ճանաչողական գործառույթների լավացման համար խորհուրդ է տրվում օրական ընդունել 30-50 մգ ցինկ: