Այն, ինչ տեղի ունեցավ մոտ քառորդ դար առաջ, ավելին էր, քան աղետն ու արհավիրքը։ Հանրապետության երկրորդ քաղաքը՝ Գյումրին, անշրջելիորեն կորցրեց իր երբեմնի դեմքն ու, որ ամենաթանկն էր, ունեցանք տասնյակ հազարավոր մարդկային կորուստներ։ Բայց այն, ինչ շարունակում ենք ունենալ այսօր՝ երկրաշարժից 24 տարի անց, ուղղակի մեր բոլորիս ամոթն է։ Գյումրեցիների զգալի մասն ապրում է միջին հայաստանցուց ավելի վատ, աղքատության ու գործազրկության պայմաններում։
Թեև վերջին տարիներին բավական առաջընթաց է գրանցվել Գյումրիում բնակարանային խնդրի լուծման հարցում, այնուամենայնիվ, մի քանի հազար գյումրեցիներ շարունակում են ապրել անմարդկային պայմաններում՝ կիսախարխուլ տնակներում։
Սա անհանդուրժելի է, և այս վիճակը կարճ ժամանակում պետք է փոխվի։ Բնակարանային խնդիրներից բացի՝ Գյումրիում շատ արագ պետք է լուծվեն աշխատատեղերի ստեղծման և սոցիալական ապահովման այլ խնդիրները։ Այլապես մենք կկորցնենք իրեն հատուկ կոլորիտով հայտնի երբենի Գյումրին վերստին ունենալու հույսը։
Գյումրեցին ունակ է փոքրիկ հնարավորության դեպքում կառուցել, արարել, ստեղծել։ Պետք է այդ հնարավորությունը տալ։
Իսկ այսօր միանանք գյումրեցիների վշտին ու մեր խոնարհումը բերենք երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/arman.s.sahakyan/posts/311931105579560?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել