Ara_Abrahamyan-11Վերջին շրջանում ներքաղաքական հիմնական նորություններից մեկն այն է, որ կարծես թե Արա Աբրահամյանը վերջնականապես որոշել է մտնել հայաստանյան քաղաքական դաշտ ու, օգտագործելով ՕԵԿ-ի պլատֆորմը, իր կուսակցությունը ստեղծել, որը պետք է մասնակցի գալիք խորհրդարանական ընտրություններին։ Ոմանք վերաբերվում են սրան որպես իշխանությունը վիճարկելու փորձ, բայց կարծում եմ, որ ոչ մի նման նպատակ անգամ ինքը՝ Աբրահամյանը չունի։

Ի վերջո, որքան էլ վատ խոսի նա ռուսերեն, նա անխելք մարդ չէ ու հասկանում է, որ իր քաղաքական պոտենցիալը Հայաստանում լուրջ չի ու լրջանալու հեռանկարներ էլ չունի, քանի որ լավագույն դեպքում ինքը կարող է իրեն թույլ տալ կիրառել ֆինանսական լծակը, ինչը լավագույն դեպքում կապահովի, որպեսզի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը կարողանա շառով-խերով հաղթահարել մինիմալ շեմը՝ պառլամենտում հայտնվելու համար, բայց դրանից ոչ ավել։

Աբրահամյանը ոչ Իվանիշվիլի է, ով մինչև քաղաքականություն մտնելն իրոք հսկայածավալ օգնություն էր ցուցաբերել իր երկրին ու մտնելիս էլ մտավ ճիշտ ժամանակ, երբ ժողովրդական դժգոհություններն այնքան մեծ էին, որ բավական էր, որպեսզի Իվանիշվիլին ավելի շատ ընտրակաշառք բաժաներ, քան Սաակաշվիլին, և նա կարողացավ քանդել վերջինիս իշխանական բուրգը։ Արա Աբրահամյանը չունի ոչ նման տպավորիչ ավանդ Հայաստանի համար, ոչ այդքան բարձր վարկանիշ ժողովրդի շրջանում և ոչ էլ այլևս այնքան ֆինանսական միջոցներ ունի, որ մրցակցի իշխանությունների հետ։ Այս առումով Արա Աբրահամյանը նույնիսկ Ծառուկյան էլ չէ, ուստի մեծ քաղաքական ամբիցիաներ ունենալ այսպես, թե այնպես չի կարող։

Ամենայն հավանականությամբ, գործ ունենք մինիմալ ներկայություն ունենալու գերխնդրի հետ ԱԺ-ում, ու չի բացառվում, որ ունի դրա դաբրոն Ռուսաստանից, քանի որ ռուսներն էլ դեմ չեն լինի բացահայտ պրոռուսական քաղաքական միավոր ունենալ մեր պառլամենտում, բայց դրանից ոչ ավելի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել