Henaran.am-ը գրում է.
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը դիմում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Հարգելի պարոն Մարգարյան,
Հաշվի առնելով սահմանամեձ շրջաններում ստեղծված իրավիճակը, խնդրում եմ Ձեզ այս տարի Էրեբունի-Երևան տոնակատարությունները չնշել և այդ միջոցառումների ողջ բյուջեն ուղղել հրետակոծություններից տուժած մեր գյուղերին և հայրենակիցներին։
Քաղաքացիները եւս պահանջում են էրեբունի-Երևան տոնակատարությունների համար տրամադրվող գումարը փոխանցել սահմանամերձ որևէ համայնքի: Change.org կայքում «Երևանի օրվա տոնակատարության բյուջեն տրամադրել սահմանամերձ բնակավայրերից մեկին» խորագրով ստորգրահավաք է սկսվել:
Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը պատասխանել է.
«Արդեն 3 տարի է, ինչ Երևանի քաղաքապետարանը և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը համագործակցում են ՀՀ մարզերի և ԼՂՀ վարչական միավորների հետ ու այդ շրջանակում իրականացնում են տարատեսակ ծրագրեր: Ցավում եմ, որ մեր գործընկեր Անահիտ Բախշյանը տեղյակ չէ այս ամենից և հանդես է գալիս մի նախաձեռնությամբ, որը, մեծ հաշվով, այսրոպեական դիվիդենտներ շահելու փորձ է: Մինչդեռ, ինչպես նշեցի, Երևանի քաղաքապետարանի լիազորությունների և հնարավորությունների շրջանակում բազում ծրագրեր իրականացվում և շարունակվելու են կյանքի կոչվել ՀՀ մարզերի և ԼՂՀ-ի հետ: Ինչ վերաբերում է «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը, ապա չմոռանանք, որ այդ օրվա միջոցառումների ֆինանսավորման մեծ մասը կատարվում է մասնավոր հատվածի կողմից ու հենց Երևանի հիմնադրմանը նվիրված տոնակատարության անցկացման նպատակով, այլ ոչ թե ` ըստ ցանկության այն տնօրինելու: Չմոռանանք, որ «Էրեբունի-Երևան»-ը մեր համաքաղաքացիների ամենասպասված տոներից է։ Նաև թույլ տվեք, օգտվելով առիթից, մեր համաքաղաքացիներին կոչ անել բարձր տրամադրությամբ նախապատրաստվել մայրաքաղաքի ծննդյան տոնին»: