Եհովայի վկաները Եվրադատարանում հաղթել են Հայաստանի Հանրապետությանը, հայկական բանակին, ինձ, ձեզ, բոլորիս... 
 Եվրադատարանի որոշմամբ Հայաստանը հայցվորներին՝ Եհովայի վկաներին, պետք է վճարի 112 000 եվրո։ Եհովայի վկաները, այսինքն՝ մի քանի աղանդավոր, հաղթել են պետությանը, որովհետև հրաժարվում են իրենց պարտավորություններից՝ բանակում ծառայելուց։ Քաղաքացիական պարտք, որ յուրաքանչյուրը պետք է կատարի հայրենիքի առաջ։ Մի հայրենիքի, որին «բախտ է վիճակվել» ունենալ Ադրբեջանի ու Թուրքիայի նման հարևաններ ու որ չի կարող իրեն թույլ տալ «այնպիսի ճոխություն», ինչպիսին Եհովայի վկաներն ու նրանց աղանդավորական քմահաճույքներն են։ 

 Այստեղ բազմաթիվ հարցեր կարող են բարձրացվել, պետությունն այս չարեց, կառավարությունն այս չարեց, հերթական անգամ իշխանության պատճառով իմ գրպանից փող է գնում չգիտես թե ուր, բայց սա այդ դեպքը չէ։ Բոլոր այդ հարցերը պատրաստ եմ բարձրացնել ու բարձրացրել եմ, երբ դատավորների սխալ որոշումների պատճառով ստիպված ենք եղել վճարել Բյուզանդի հասցեում բնակվող քաղաքացիների, Ժիրայր Սեֆիլյանի դեմ կայացրած անարդար որոշման և նմանատիպ այլ որոշումների դեպքում։ Բայց այստեղ պետական և ազգային անվտանգության հարց է կանգնած։ Աղանդի իրավունքը հակասում է պետական անվտանգությանը։ 
 
 Պետության մեծագույն սխալներից մեկն էլ առանց զտման եվրոպական արժեքներն ու Եվրոպայի առաջ տարատեսակ պարտավորություններ ստանձնելն է։ Այսօր կարող են մեզ վրա մատ թափ տալ (ու տվեցին) ու ասել, ստանձնել ես, բարի եղիր՝ կատարի՛ր։ Շատ եվրոպամետ լինելով հանդերձ, ընդունելով, հարգելով ու հետևելով նրանց բազմաթիվ արժեքներին՝ շատ լավ տեսնում եմ, որ Եվրոպան ինքը կանգնած է իր արժեքներից շատերը վերանայելու անհրաժեշտության առջև։ Արդեն այսօր Եվրոպան իր իսկ որոշ «արժեքների» պատճառով ունի բազմաթիվ խնդիրներ ներգաղթյալների, տարբեր կրոն դավանողների, տարբեր սեռական կողմնորոշում ունեցողների ու սեփական ժողովրդի իրավունքների պաշտպանության ու համադրման հարցում։ 

 Իսկ պատկերացնո՞ւմ եք, եթե ամբողջ ազգը որոշի այս կերպ խուսափել բանակից։ Եթե ես ստիպված եմ հարգել աղանդավորի՝ բանակում չծառայելու իրավունքը, ապա աղանդն էլ պարտավոր է հարգել իմ՝ պաշտպանված լինելու իրավունքը։ Հերթական անգամ պարադոքս եվրոպական արժեքներում իրավուքների հավասարությունը ստեղծում է իրավունքների անհավասարություն։ Ստացվում է, մի իրավունքը գերակա է մյուսի նկատմամբ։ Ինձ նման եվրոպական արժեքներ պետք չեն, ես ուզում եմ ունենալ ազատ պետություն, որտեղ արական սեռի յուրաքանչյուր ներկայացուցիչ իր պարտքն է համարում ծառայել բանակում ու հարկ եղած ժամանակ կարողանալ պաշտպանել իր հայրենիքը։ 

 Գիտեմ, որ «հելսինկյան, ստրասբուրգյան կամ այլ քաղաքակիրթ համարվող համակարգերի իրավապաշտպաններ» կհակադարձեն, թե «եթե հայրենիքի պաշտպան եք ուզում, բա ինչի՞ չեք խոսում արտագաղթից, ինչի՞ չեք խոսում բանակում տիրող իրավիճակից» և այլն։ Խոսելու տեղ, իհարկե, ունեն, քննադատելու թեմաներ էլ իհարկե կան, դա էլ իրենց գործն է, բայց վստահ եմ, որ հարկ եղած դեպքում կունենանք և՛ Մոնթեներ, և՛ Բեկորներ, և՛ Դուշման Վարդաններ, և՛ Աշոտ Ղուլյաններ, որոնց շնորհիվ խաղաղ կապրեն ու «մարդասիրական» կոչեր կանեն նոր արթուր սաքունցներ ու միքայել դանիելյաններ, Եվրադատարանն էլ որոշումներ կկայացնի հօգուտ նոր աղանդների ներկայացուցիչների։ 

Բայց ես՝ որպես հարկատու, հրաժարվո՛ւմ եմ վճարել աղանդավորներին։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել