Հայ ժողովուրդն ապրում է թուրք-պարսկական կամ էլ ռուսական տիրապետության տրամաբանության շրջանակներում: Այսինքն՝ ընկերային միջավայրը գրեթե ամբողջապես հարմարեցված է այդ պայմաններին: 
Պետականության ստեղծումից հետո չեն կատարվել քաղաքակրթական այն անհրաժեշտ քայլերը, որոնց միջոցով պետք է ձևակերպվեր և իրականացվեր քաղաքակրթական միջավայրի կերպափոխման գործընթացը, որն իրենից ենթադրում է անցում կրոնա-էթնիկական հպատակ համայնքից դեպի անկախ պետության քաղաքացու կարգավիճակի: 
Վերոնշյալ գործընթացի բացակայության արդյունքում ունենք հետևյալ պատկերը.
1. Պետականության գաղափարի գիտակցության ամբողջական բացակայություն: 
2. Օտար տիրապետության պայմաններում արմատացած ադաթների մեխանիկական վերագործարկում: Թուրք-պարսկական հպատակության պայմաններում պաշպանողական (մշակութային, քաղաքական) տեսանկյունից կենսունակ ադաթները չեն համապատասխանում անկախ պետության առաջադրած իրավական համակարգի տրամաբանությանը: Սա իր հերթին կոնֆկիկտային իրավիճակ է ստեղծում պետության և անհատի միջև` կողմերի միջև առաջացնելով խորը անդունդ: 
3. Դեռևս 18-րդ դարում Իսրայել Օրին ձևակերպել է հայ ժողովրդի ռուսական հպատակության գաղափարական հիմքերը, որոնք առկա են մինչ օրս և կանխարգելում են պետության զարգացման հեռանկարները: Նրանից շատ առաջ Հայ առաքելական եկեղեցին Գրիգոր Տաթևացու առաջնորդությամբ մշակել և գործարկել էր օտարների կողմից հայերի փրկության թեզը: Վերոնշյալ պրակտիկան ելակետային է եղել նաև Բեռլինի Կոնգրեսում, ինչպես նաև Առաջին Հանրապետության դաշնակցական կառավարության համար: Թերևս գյուտ արած չենք լինի, եթե ասենք, որ փրկության այդ կեղծ թեզերն առկա են նաև մեր օրերում, դեռ ավելին` ապրում են գրեթե բոլոր հայ ընտանիքներում: 
4. Ցեղասպանությունը դեռևս համառորեն շարունակվում է դիտարկվել որպես ինքնության կենտրոնական բաղադրիչ, որի շուրջ իբրև թե անհրաժեշտ է միավորել ազգի տարասեռ մասնիկները: Գործառույթ, որն ըստ էության պետք է իր վրա վերցներ պետությունը: Այսինքն՝ ինքնության քաղաքակրթական համակարգի կենտրոնում պետք է դրվի ինչպես գոյություն ունեցող պետականությունը, այնպես էլ դրա պատմական հարուստ պրակտիկան, այլ ոչ թե Հայոց պատմության մի փոքրիկ էպիզոդ, որի միջոցով հնարավոր չէ երկարաժամկետ ընթացք երաշխավորել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել