Առավոտյան ավտոբուսով իջնում եմ օպերա: Ավտոբուսի մեջ նաև ՀՀԿ տատին էր: Հանգիստ նստած՝ ոչ գվվում էր, ոչ բվվում: Հետո վարորդը մի կնոջ հետ սկսեց վիճել, գոռալ վրան, ու ՀՀԿ տատին սկսեց վարորդին պաշտպանել, գոռալ ու կռվել էս կնոջ հետ: Վարորդը սխալ էր, ի դեպ:
ՀՀԿ տատին առանձին վերցրած պերսոնաժ չէ զուտ: ՀՀԿ տատին մարդկային հոգեբանական տիպ է, որը սիրում է լավ լինել «շեֆության» հետ՝ ավտոբուսի մեջ վարորդի հետ, պետության մեջ՝ նախագահի, բակում՝ «լավ տղերքի», աշխատավայրում՝ տնօրինության և այլն: Թվում ա, թե այս մարդիկ անուղղելի կոմֆորմիստներ են, բայց ոչ. նրանք կարող են կոկորդը պատռել բոլոր նրանց, ովքեր շեֆությանը դեմ են խոսում: Օժտված են մարտնչող տգիտության վառ հատկանիշներով: Եթե չիմանաս, թե ում դեմ և ինչու են պայքարում, կարող ես նախանձել նրանց պայքարի ոգուն ու նրանց մորթապաշտությունը կարող ես շփոթել առաքինության հետ: Բայց նրանք նաև «անձնազոհ» են. մարտի են նետվում սեփական նախաձեռնությամբ, ինչ-որ բանի ներքին ակնկալիքով, որ շեֆությունը կտեսնի ու կգնահատի: Բայց շատ հնարավոր է, որ դա երբեք տեղի չունենա: Ու եթե չիմանաս, թե ինչու են այդպես վարվում, կարող ես նրանց ստրկամտությունը շփոթել անձնազոհության հետ:
ՀՀԿ տատին շատ նուրբ հոգեբանական տիպ է: ՀՀԿ տատիներ կան ձեր ընկերների մեջ, աշխատավայրում, կուրսում, և սա կարդալիս նրանցից մի քանիսը ձեր աչքերի առջևով արդեն անցան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.konjoryan/posts/727365180729411
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել