Բաղրամյան 26-ում սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի խորհրդակցություններից հետո երեկ և այսօր Հայ ազգային կոնգրեսը բոլոր հնարավոր հարթակներով սևացնում է ներկա և նախկին գործընկերներին:
ՀԱԿ խոսափողներն ու ակտիվիստներն առիթը բաց չեն թողնում «հարվածելու» նախկին ֆինանսական հովանավոր Բարգավաճ Հայաստան կուսակցությանն ու ՀՅԴ-ին:
Բացի դա, խոսակցություններ էին պտտվում, որ չնայած կոնգրեսականները մերժել էին Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հրավերը, այնումենայնիվ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը մտադիր է ՀՀ նախագահի հետ քննարկել Սահմանդրական բարեփոխումների գործընթացը:
ՀԱԿ-ի թերթերից «Չորրորդ իշխանությունն» այսօր հոդված էր «նվիրել» Լյուդմիլա Սարգսյանին: Թերթը վերջինիս որակել էր որպես Բ-26-ի հաճախորդ:
Ամեն դեպքում պատգամավորը պնդում է, որ հրավեր ստանալուց հետո նախագահականում հանդիպմանը մասնակցելու վերաբերյալ դեռևս հստակ որոշում չի կայացրել. «Ես անձնապես էդ համաձայնությունը չեմ տվել, որովհետև ասել եմ, որ կլինի վարչության նիստ, վարչությունը կորոշի: Ես ինքս հակված էի «ոչ»-ին, բայց երբ պարզեմ ինձ համար, թե ինչու է այդ հոդվածը տպվել «Չորրորդ իշխանություն» թերթում, ինձ վարկաբեկել՝ հաճախորդ անվանելով, ես ինձ համար կպարզեմ, թե ինչու է ՀԱԿ-ն իմ նկատմամբ նման ոտնձգություն անում, որից հետո կլինի մեր որոշումը»:
Փաստորեն ՀԱԿ-ը ձեռնամարտի է բռնվել ոչ միայն նախկին գործընկերների, այլ նաև մերձավորների հետ:
Բոլորս էլ գիտենք, որ Կոնգրեսի նպատակն այս շրջանում մեկն է՝ տապալել սահմանադրական բարեփոխումների գործընթացը, սակայն հետաքրքիր է՝ ինչպե՞ս է պատրաստվում ՀԱԿ-ն իրականացնել իր քաղաքական նպատակները նման մարտավարությամբ: ՀԱԿ-ը պետք է գիտակցի, որ ներկա «ռեսուրսային սովի» պայմաններում հնարավոր չէ արդյունավետ պայքար ծավալել, իսկ որոշակի հաջողություն գրանցելու համար անհրաժեշտ է կոնսոլիդացիա: Նման գործելակերպով յուրայիններին հարվածելով՝ ոչ միայն բարեփոխման գործընթացը չի տապալվի, այլ Կոնգրեսը վերջնականապես կսևացնի սեփական անունը:
Բայց խոսքը միայն ՀԱԿ-ին չի վերաբերում: Եթե օբյեկտիվ նայենք, ապա կփաստենք, որ ընդիմադիր դաշտում գզվռտոցն օր օրի մեծանում է: ԲՀԿ-ն քննադատում է ՕԵԿ-ին, ՀԱԿ-ը ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին, ՕԵԿ-ն ամբողջ աշխարհին և այլն: Այս պայմաններում շահելու են նրանք, ովքեր որոշակի ժամանակահատված հետո կմտնեն քաղաքական դաշտ՝ որպես նոր ընդդիմություն :
Երեք կտոր ընդդիմադիր են մնացել, բայց շարունակում են միմյանց հոշոտելով պառակտվել ու պառակտվել:
Պարզապես չեմ կարողանում հասկանալ, թե նման մարտավարությամբ ինչպես էին պատրաստվում երկիր ղեկավարել: