«Ոտքի, Հայաստան» քաղաքացիական շարժումն արդեն տևական ժամանակ է, ինչ փորձում է տարբեր պայքարի մեխանիզմներով լուծել իր կողմից բարձրացված խնդիրները:
Երեկ տեղի ունեցավ քաղաքացիական շարժման հերթական հավաքը Հանրապետության հրապարակում:
Մասնակիցների թիվը չափազանց քիչ էր: Շարժման կազմակերպիչներն անընդհատ կրկնում էին, որ եթե հավաքվեն մեծ թվով քաղաքացիներ, ապա իրենք կաթվածահար կանեն Հանրապետության հրապարակի երթևեկությունը: Ինչպես տեսանք, Հանրապետության հրապարակն այդպես էլ չփակվեց, իսկ դրա հիմնական պատճառը հենց սակավամարդ լինելու փաստն էր: «Ոտքի, Հայաստան» շարժման անդամներին կարծես չի հաջողվում իրականացնել իրենց «եթե»-ներով ծրագրերը:
Բացահայտ երևում է, որ «Ոտքի, Հայաստան» շարժումը ռեսուրսային առումով ունի խնդիրներ, ինչն էլ լրացուցիչ պատնեշներ է առաջացնում որոշակի գործողությունների իրականացման ճանապարհին:
Այս տարիների ընթացքում հասարակությունը քաղաքական ամենատարբեր գործընթացների ժամանակաշրջաններում բազմիցս խորը հուսահատության առիթներ է ունեցել: Եղել են բազմաթիվ կառույցներ ու քաղաքական ուժեր, որոնք մեղմ ասած չեն արդարացրել ժողովրդի` նրանց հետ կապած հույսերը:
Հեծանիվ չեմ հայտնագործի, եթե ասեմ, որ քաղաքացիական շարժումներն ու տարատեսակ հզոր ակցիաները բոլորովին նոր մշակույթ են մեր հասարակությունում, իսկ սա նշանակում է, որ եթե ժողովուրդն ինչ-որ չափով վստահություն չունի քաղաքական ուժերի նկատմամբ, ապա քաղաքացիական շարժումների պարագայում հանրության հավատն անհամեմատ ավելի մեծ է:
Բայց այս թեզը միանշանակ չէ:
Եթե «Ոտքի, Հայաստան» շարժումն անդավաճան մնա իր որդեգրած մարտավարությանը, ապա շատ կարճ ժամանակում շարժումներ հասկացությունն այնպես կվարկաբեկվի, որ հանրությունը կենթարկվի հերթական հոգեբանական տրավմայի:
Անկեղծ ասած, ես Դավիթ Սանասարյանի դեմ ոչինչ չունեմ, բայց հետևելով Սանասարյանի հայտարարություններին և քայլերին դեռ Բաղրամյան պողոտայից՝ այնպիսի տպավորություն է, կարծես կաղապարված է գաղափարների և կրեատիվի առումով:
Հանրությանը ոտքի հանող ցանկացած կառույց կամ անհատների խումբ նախևառաջ պետք է գիտակցի այն մեծ պատասխանատվության չափաժինը, որը վերցնում է իր ուսերին գործողությունների հենց սկզբնական փուլից: