Տարվա եղանակները մարդու կյանքի խորհրդանիշներն են. գարունը ծնունդն է, ամառը՝ երիտասարդությունը, աշունը՝ վերջալույսը, ձմեռը՝ կյանքի վերջաբանը: Երբևէ հարցրե՞լ եք ինքներդ ձեզ՝ ի՞նչ  է մտածում աշունը մեր մասին. խղճո՞ւմ, թե՞ ծաղրում է նա մեզ, որ ինքը հավերժ է, իսկ մենք՝ ընդամենը հյուր: Քո ոսկով դյութել ես հոգիս ներդաշնակ, այժմ ես համակ քեզ եմ լսելու:

 ԱՇՈՒՆ

Կրկին այստեղ եմ, տերն եմ բնության, տրամադրության, դարձյալ ինձնով են ոգեշնչվելու պոետները խենթ, անձրև եմ բերել, նա էլ կլցնի ձեր հոգին ունայն ու կհիշեցնի կորցրած մի բան: Մի սիրահար զույգ է շրջում, որքան երազկոտ են նրանք, լուսավոր ապագա են կերտում ու չեմ հասկանում՝ ինձնո՞վ են  հմայված, թե՞ միմյանցով: Բաղձալի երջանկությունը, թվում է, գտել են, բայց խորին տխրություն կա նրանց հայացքներում, գուցե սարսափում են անցողիկությունից: Անցնում են րոպեներ ու ժամեր, նրանք իմ գրկում են, նույն տեղում, հորդ անձրևն էլ չեն զգում, նրա շաչյունն էլ են լսում, արևն ահա հանգեց հորիզոնում, ու ահազդու մթության մեջ միայն սիրո ձայնն են լսում, վերացել են աշխարհից, դեպի հավերժություն են գնում.

-Սպասեք, ես էլ ձեզ միանամ, ու միասին մենք կկազմենք խենթ մի պարազույգ ու կպտտվենք  անվերջ ու անվերջ, հավիտենական մոռացումի մեջ: Այնքան կպարենք, մինչև չավարտվենք և՛ ես, և՛ դուք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել