-Ты утонешь вместе со мной...
-А мы научимся плавать!
Mr. Nobody
Ես ու Դատարկությունը քայլում էինք փողոցով: Քայլում ու հիանում էինք այն աշխարհով, որտեղ չկային մարդիկ: Մեզ մարդիկ հարկավոր չէին: Ինչու՝ չգիտեմ: Հասցրինք նկատել աշնան տերևները, քանդված ասֆալտը, ցուրտը: Հանդիպեցինք չորս շան: Անցանք գրախանութի կողքով: Աշխարհում պետք է գրքեր ու շներ լինեն, պիտի լինի ցուրտ ու քանդված ասֆալտ:
Անկեղծ ասած, ես ու Դատարկությունը մարդկանց դերն այդքան էլ չենք կարևորում, ոչ էլ ՝ հասկանում ենք: Էլ ավելի անկեղծ ասած՝ չենք էլ փորձում հասկանալ: Չենք սիրում անել այն, ինչ անհետաքրքիր է: Մարդիկ չափից դուրս անհետաքրքիր են նրանց համար, ովքեր փողոցում շներին են հաշվում ու մտածում են ցրտի մասին:
Դատարկությունը կազմված էր հագուստից: Հագուստի ներսում ոչինչ չկար: Սկզբում վախեցնող էր, հետո հարմարվեցի ու ի վերջո սիրեցի անմարմին հագուստի այդ կույտը: Միշտ էլ այդպես է. սկզբում պիտի վախենաս, հետո վախդ բռիդ մեջ հավաքես, փորձես հարմարվել ու հետո սիրես: Առանց վախի սիրել չեմ կարող: Հատկապես՝ Դատարկությանը:
Քայլում ու խոսում էր, կատակներ անում: Հասցրեց նույնիսկ սուրճ թափել իր վրա, զայրանալ, քթի տակ փնթփնթալ, նորից զայրանալ, ծխախոտ գնել, ծխել ու հետո ծխախոտի չավարտված տուփը գցել աղբարկղի մեջ: Ինչու՝ չգիտեմ:
Դատարկությունն ասում էր, որ ոչինչ չի զգում, որ իր մեջ ոչ մի զգացմունք չկա: Բայց երբ խոսում էի, հագուստի կույտը մի պահ քարանում էր ու անշարժ նստում: Գիտեի՝ ուշադիր ինձ է լսում: Եթե Դատարկությունն աչքեր ունենար, համոզված կնշեի, որ այդ պահին ուշադիր աչքերիս մեջ է նայում: Ասում էր, որ թքած ունի բոլորի վրա, որ իր մեջ ոչ մի մարդկային զգացմունք չի մնացել: Բայց փողոց անցնելիս ձեռքս էր բռնում. հագուստի թևքը փաթաթվում էր ձեռքիս: Դատարկությունն ինձ պաշտպանում էր: Պաշտպանում էր առանց հասկանալու: Մեխանիկական տկտկոցի փոխարեն ես սրտի աշխատանքի թույլ, բայց հստակ ձայն էի լսում: Անկեղծ ասած, նրա բառերին չէի հավատում: Չէի հավատում, որ ընդունակ չէ ինչ-որ բան զգալու: Ինչու՝ չգիտեմ:
Մենք շարունակում էինք քայլել: Ես լսում էի սրտի թույլ աշխատանքը: Դատարկությունը պատմում էր իր սփրթնած հոգու ու քարացած սրտի մասին: Քթիս տակ ծիծաղում էի. ախր սրտի ձայնն ինչպե՞ս չի լսում: Միամի՜տ Դատարկություն: Ախր դու ոչինչ չգիտես ու չես հասկանում: Եթե դու սրտիդ աշխատանքը չես լսում, դա չի նշանակում, որ սիրտ չկա: Կա, ուղղակի կենտրոնանալ ու լսել է պետք: Չես ուզում կենտրոնանալ: Միայն թևերդ ես թափահարում ու բողոքում: Սկսեցիր էլի փնթփնթալ: Դու ամենափնթփնթացող դատարկությունն ես բոլոր հնարավոր ու անհնար դատարկությունների մեջ:
Ամեն ճանապարհ մի կետում ավարտվում է: Ես ու Դատարկությունը գետնին նայելով տեսանք, որ մեր կետն էլ է մոտեցել: Կանգնեցինք: Դատարկությունը, որը ոչինչ չէր զգում ու թքած ուներ բոլորի վրա, գրկեց ինձ: Հագուստի կույտի միջից ավելի բարձր լսեցի սրտի աշխատանքի ձայնը: Դատարկությունը շրջվեց ու գնաց: Մթության միջից նկատեցի, որ հագուստի մեջ մարդկային մարմին է ուրվագծվում ու կամաց-կամաց, քայլ առ քայլ հագուստի մեջ մարդ է ստեղծվում: Սիրտն արդեն կաշխատի ոչ թե հագուստի մեջ, այլ՝ մարդկային մարմնում:
Դատարկության գնալուց հետո կողքովս ևս մի շուն անցավ:
Այսօր ես ու դատարկությունը հանդիպեցինք չորս շան: Դրանց կգումարվի նաև այս մեկը: Ուրեմն՝ հինգ: Մենք հանդիպեցինք հինգ շան, անցանք գրախանութի կողքով ու հայտնաբերեցինք ցուրտն ու աշունը:
Ես ու Դատարկությունն էլի կքայլենք փողոցներով, կհաշվենք շներին, կկետադրենք մայթերը: Բայց այս անգամ փողոց անցնելիս ինձ ոչ թե հագուստի կույտը կկանգնեցնի, այլ՝ ձեռքը:
Ամեն դատարկության մեջ մարդկային ուրվագիծ կա: Ուղղակի տեսնել է պետք:
Դատարկություն, լսո՞ւմ ես: Շներն ու փողոցները մեզ են սպասում…
Նյութի աղբյուր՝ http://sunesevada.blogspot.com/2012/11/blog-post_4711.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել